Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հանրապետությունում չի հետապնդում ոչ պատշաճ հագնված կանանց։

Քադիրովը հավատացրել է, որ լրատվամիջոցների տարածած լուրերը, թե առանց գլխաշորերի կանանց Չեչնիայում ներկով կրակում են, ճիշտ չեն։ «Հնարավոր է, դա խուլիգանության միակ դեպքն է եղել, որը հետո չափազանցրել են»,- ենթադրել է նա։

Քադիրովը նաեւ ընդգծել է, որ մահմեդական օրենքի համաձայն՝ կինը պետք է փակ հագուստներ կրի, բայց ինքը, որպես պետական իշխանության ներկայացուցիչ, ոչինչ չի կարող արգելել, այլ կարող է խորհուրդ տալ կամ խնդրել։ «Ասում են, Քադիրովը հրաման է ստորագրել։ Սուտ է։ Ես ասել եմ, որ կիսամերկ կանայք չպետք է աշխատանքի գնան։ Հագուստը պետք է խիստ լինի։ Եթե, օրինակ, փոխնախարար կինը քայլի արձակած մազերով, մենք չենք կարող աշխատել։ Դրա համար էլ ասում եմ. ավելի լավ  է ծնկից ներքեւ շրջազգեստներ կրել»։

Նա նույնիսկ ցույց է տվել, թե երկարության որ չափը նկատի ունի։ «Կովկասցիները կրքոտ տղերք են, ովքեր առողջ ապրելակերպ են վարում։ Մայկաներ, անդրավարտիքներ...  Երբ կինը կիսամերկ է, մենք գրգռվում ենք»,- բացատրել է Քադիրովը: