Հայաստանի տարածքում փետրվարի 17-ից մինչեւ 23-ը 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել:  

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 3 բալանոց սեյսմիկ ցնցում է տեղի ունեցել փետրվարի 18-ին քաղաք Վարդենիսից 2 կմ դեպի արեւմուտք: Հաջորդ օրը գրանցվել է երկրորդ սեյսմիկ իրադարձությունը` 3-4 բալ ուժգնությամբ, որի էպիկենտրոնային գոտին գտնվում է մայրաքաղաք Երեւանից 12 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում, մասնավորապես Մասիս քաղաքում եւ հարակից գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Երեւանում` 3 բալ:

Տարածաշրջանում նկատվում է թույլ երկրաշարժերով արտահայտված ակտիվություն, 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է տասնվեց երկրաշարժ` Վրաստանի Նինոծմինդա, Ախալքալաք քաղաքների, Թուրքիայի Վան Բուլանիկ քաղաքների, Ադրբեջանի Գյանջա եւ Նախիջեւան քաղաքների մերձակայքում:

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով տեղի է ունեցել երկու ուժեղ երկրաշարժ: Փետրվարի 21-ին Ֆիջի կղզիների հարավում (Խաղաղ օվկիանոս) գրանցվել է 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Փետրվարի 22-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Հարավային կղզու Քրայսթչերչ քաղաքից 29 կմ դեպի արեւելք, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Նախնական տվյալներով մարդկային զոհերի թիվը հասնում է 100-ի, փլատակների տակ են հայտնվել եւ անհետ կորած են համարվում հարյուրավոր մարդիկ, հիմնովին ավերվել է քաղաքի կենտրոնական հատվածը: