Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահի այցը Թուրքիա չի նպաստում թուրք-ֆրանսիական բարեկամությանը։

Թուրքական Habershow-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը  AFP-ին տված հարցազրույցում նշել է, թե իրենք կցանկանային Նիկոլա Սարկոզիին դիմավորել եւ պատվել ինչպես Ֆրանսիայի նախագահ, ոչ թե G-20-ի ղեկավարի։

«Այդ պատճառով ես կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահի այցը չի բարձրացնի թուրք-ֆրանսիական բարեկամության մակարդակը»,-ասել է Էրդողանը՝ տխրությամբ նշելով, որ Սարկոզին Ֆրանսիայի նախագահ դառնալուց ի վեր Թուրքիա չի այցելել։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարի 25-ին շատ կարճ այց է իրականացնելու Անկարա, որի ընթացքում նախատեսված է հանդիպումներ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ: