Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ, շնորհավորելով դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացմանն ու շարունակական ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը մասնավորապես կարեւորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում նկատվող ակտիվությունն ու զարգացումների միտումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ է կատարվել գործածար կապերի ամրապնդմանը, հնարավոր համագործակցության խորացմանը տնտեսության մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգին: