Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ 10 ակտիվիստներին, որոնց փետրվարի 24-ին ժամը 19:40-ին բերման էին ենթարկել կենտրոնի ոստիկանություն, երեկոյան ժամը 23-ի սահմաններում ազատ են արձակել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ժամը 19:40-ի սահմաններում, Աբովյան փողոցում՝ «Մարկո Պոլո» սրճարանի մոտ, քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածող երիտասարդ ակտիվիստների վրա, խոչընդոտել են թռուցիկները տարածելուն, հետո լեզվակռիվ սարքել, իսկ ավելի ուշ, երբ մոտեցել են արդեն համազգեստավոր ոստիկանները, երիտասարդներին քաշքշելով մտցրել են ոստիկանության մեքենան ու բերման ենթարկել Կենտրոնականի բաժին: Բերման ենթարկվածներից 3-ն աղջիկ են, 7-ը՝ տղա:
Հայտնի են ոստիկանություն բերման ենթարկվածների անունները՝ Սարգիս Գեւորգյան, Արեգ Գեւորգյան, Հովհաննես Քիրամիջյան, Սերգեյ Գասպարյան, Սահակ Մուրադյան, Սարգիս Ղազարյան, Հերմինե Մաթեւոսյան, Տաթեւ Պողպատյան, Մարիամ Մուրադյան,Գուրգեն Ասատրյան:
Նրանք հրաժարվել են բացատրություններ տալուց եւ ազատ են արձակվել միայն ուշ երեկոյան, երբ ոստիկանություն են ժամանել փաստաբաններ Վահե Հովսեփյանը եւ Գիվի Հովհաննիսյանը, նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանը: Վերջիններս մտել են Կենտրոնի ոստիկանության շենք եւ հանդիպել բերման ենթարկվածների, նաեւ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:
Նախքան ակտիվիստների ազատ արձակումը ոստիկանության շենքի մոտ հավաքված են եղել ՀԱԿ-ի ներկայացուցիչներ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Դեպքի կապակցությամբ ՀԱԿ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
«Հայ Ազգային Կոնգրեսի՝ մարտի 1-ին հայտարարած հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք է սկսել։
Ոստիկանության շրջանային բաժանմունքները երեկ արդեն Ապարանում, Հրազդանում այլ տեղերում ընդդիմության նախորդ հանրահավաքին մասնակից ակտիվիստներին «զրույցի» են հրավիրել ոստիկանություն։ Այսօր երեկոյան, մարտի 1-ին իրազեկված եւ քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքի թռուցիկները բաժանելիս, Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել 10 երիտասարդների, որոնցից երեքը՝ աղջիկներ։ Ինչպես երեւում է, վարչախումբը շատ է վախեցել մի կողմից՝ արաբական երկրներում կատարվող իրադարձություններից, մյուս կողմից՝ Հայաստանում իրենց իսկ կողմից իրականացված «տնտեսական օպերացիաների» շնորհիվ հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից։ Սերժ Սարգսյանի հրահանգով կատարված սույն ապօրինություններն անհույս ջանքեր են՝ հնարավորինս նվազեցնելու Մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թիվը։ Խնդրում ենք ոստիկանական կամ այլ պետական չինովնիկների նմանօրինակ ապօրինի գործողությունների մասին անմիջապես տեղյակ պահել Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության բաժին՝ 099. 33. 31. 20 եւ 055. 33.31.20 հեռախոսահամարներով»:





























