Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 25-ին շարունակվեց «Ժամանակ» օրաթերթի դեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացրած հայցի քննությունը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով  քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում ընդդիմադիր պարբերականից: Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված մի քանի նյութերի վերաբերյալ պահանջել էր հերքում, որոնք, թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս:

Այսօր կայացած նիստում «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել է դատարանին, որ եթե հայցվոր կողմի նպատակը լրատվամիջոցին նյութապես վնաս հասցնելը չէ, կարող է ներկայացնել հերքման տեքստ, եւ այն դատարանի կողմից հաստատվելու դեպքում թերթը պատրաստ է տպել այն:

Քոչարյանների ընտանիքի ներկայացուցիչները մեկ ամիս ժամանակ են խնդրել առաջարկը քննարկելու համար, սակայն դատավորը նրանց 12 օր տվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին:

Ի դեպ, նույն դատարանում, արդեն դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, կայացել է «Գլենդել Հիլզ» ընկերության հայցի քննարկումը «Ժամանակ» թերթի դեմ: Ընկերությունը 1 միլիոն դրամ է պահանջում թերթից՝ նշելով, թե արատավորվել է իր բարի համբավը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, խոսքը Գյումրիի նորակառույց «Մուշ» թաղամասում կառուցված շենքերից մեկում առաստաղի փլուզման դեպքի մասին է: «Գլենդել Հիլզը» հերքել էր, թե փլուզումը տեղի է ունեցել իր մեղքով, մինչդեռ թերթի խմբագրի խոսքով, իրենք հավաստի տեղեկություններ ունեն, որ փլուզումը տեղի է ունեցել հենց ընկերության մեղքով: Դատական այս նիստն էլ կայանալու է մարտի 11-ին: