Ձերբակալվել է փետրվարի 16-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողը: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արտաշիսյան փողոցի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 56-ամյա  Հրանտ Արզումանյանին, որը փետրվարի 24-ից հետախուզվում է սպանության մեղադրանքով:

Հիշեցնենք, որ փետրվարի լույս 16-ի գիշերը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում ոգելից խմիչք էին օգտագործել տանտերը` Ֆյոդր Խուրշուդյանը եւ Հրանտ Արզումանյանը: Այնուհետեւ Հրանտ Արզումանյանը ծեծի էր ենթարկել Ֆյոդր Խուրշուդյանին, ով ստացած վնասվածքներից նույն առավոտյան տանը մահացել էր:

Սպանվածը 68 տարեկան էր, թոշակառու:

Մահացու ծեծից հետո Հրանտ Արզումանյանը հեռացել էր դեպքի վայրից:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հրանտ Արզումանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն: