Մրցութային ռեյտնգային կարգերը մշակելուց հետո 2019 թ. ամռանը բոլոր գիտական հիմնարկների ռեյտինգը կորոշվի, դրանք կբալավորվեն եւ կանցնեն ռեյտինգային ֆինասավորման։ ԿԳ նախարարի հրամանով կհաստատվի գիտության ռեյտինգային ֆինասավորման նոր կարգը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը. «Մենք պատրաստում ենք ռեյտինգային ֆինասավորման նոր կարգ, այն մոտ ժամանակներս կտեղադրվի մեր կայքում, մինչ այդ գիտնականների մեջ քննարկում կանցկացվի: Կհաստատվեն բալերի այն չափաքանակները, որոնք այս կամ այն գործունեության համար տրվում են հիմնարկներին»,– նշեց նա։
Սամվել Հարությունյանն ասաց նաեւ, որ այս տարի ԱԺ կներկայացնեն «Կրթության գիտության մասին» օրենքը, որտեղ կսահմանվի «Պետական գիտական հիմնարկ» հասկացությունը. «Ցավոք սրտի, մինչեւ հիմա պետական գիտական հիմնարկ սահմանումը ոչ մի տեղ տրված չէ եւ անկախ պետական գիտական հիմնարկի կարգավիճակից, նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի նույնը։ Հիմնադրամ դարձած բուհերի նկատմամբ դեկտեմբերի 27-ով ենթադրվող օրենքն այդքան էլ ճիշտ չէչ։ Հիմնադրամները կարող են տարբեր լինել, բուհը չի կարելի բարեգործական հիմնադրամի հետ համեմատել»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ տենդերներ հայտարարել գիտական ծրագրերի համար եւս ճիշտ չէ. «Պատկերացնո՞ւմ եք Մատենադարանի համար տենդեր հայտարարվի, դուք Հայաստանում գիտե՞ք երկրորդ հիմնարկ մատենադարան, որ կարող է տենդերով մասնակցել»։
Վերջում նա հավելեց, որ ռեյտինգային ֆինասավորման փորձը աշխարհում ընդունված եւ շատ արդյունավետ տարբերակ է: Այն ոչ միայն հնարավորություն է տալիս լավագույն մասնագետներին՝ բարձր աշխատավարձ ստանալու, այլեւ չի սահմանափակում միայն իրենց համար հետազոտություններով, դրանք կարող են օգտագործվել նաեւ պետության եւ տնտեսության զարգացման համար:





























