ՆԱՏՕ-ն հաստատում է իր մտադրությունները ամրապնդել հարաբերությունները Վրաստանի հետ, իսկ 2008 թվականի Բուխարեստյան գագաթնաժողովում ընդունված որոշումը մնում է ուժի մեջ: Այս մասին Նյու Յորքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը: Սահակաշվիլին այդ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել:
Հիշեցնենք, որ 2008 թվականի ապրիլին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դաշինքի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը նույնպես վստահություն էր հայտնել, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրին միանալու հարցը ժամանակի խնդիր է: Այդուհանդերձ, Վրաստանը այդ ծրագրի մաս չդարձավ, որը ՆԱՏՕ-ի անդամակցության նախորդող քայլն է: Ռասմուսենը հասկացնել է տվել, որ ՆԱՏՕ-ն սպասում է Վրաստանին ու Ուկրաինային, բայց միայն այն ժամանակ, երբ համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հետագայում եւս Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ կունենա կայուն հարաբերություններ եւ որ այսօր ինքն ու Սահակաշվիլին համագործակցում են Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում: Նա, սակայն ընդգծել է, որ Վրաստանն ու Ուկրաինան այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելուն պատրաստ չեն:




























