Արարատի մարզի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում մարտի 1-ին ժամը 11-ին տեղի կունենա ամուսնու ծեծից մահացած Զարուհի Պետրոսյանի գործով դատական առաջին նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց դատարանում տուժողի իրավահաջորդի` Զարուհի Պետրոսյանի քրոջ` Հայաստան Պետրոսյանի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը: Նա նշեց, որ մարտի 1-ի դատական նիստում կարող է լուծվել նաեւ գործով մեղադրյալ` Զարուհի Պետրոսյանի ամուսնու`  Յանիս Սարկիսովի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը:

Թեեւ երիտասարդ կնոջ ծեծի եւ դրա հետեւանքով վրա հասած մահվան մեջ Պետրոսյանի հարազատները մեղադրում էին նաեւ նրա սկեսրոջը` Լիլիա Սարկիսովային, սակայն նա, որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ Յանիս Սարկիսովը չի խոստովանել իր մեղքը, սակայն, ըստ մեղադրական եզրակացության, նա սեպտեմբերի 26-ին դաժան ծեծի է ենթարկել կնոջը: Վերջինս ստացած մարմնական ծանր վնասվածքների հետեւանքով սեպտեմբերի 30-ին փոխադրվել է Մասիսի հիվանդանոց, ապա` «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր եւ ժամեր անց մահացել է:

Նշենք, որ Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Յանիս Սարկիսովը ծառայում է ՀՀ Զինված ուժերում, պայմանագրային զինծառայող է եւ շուրջ 5 ամիս է` կալանավորված է: Նշենք նաեւ, որ մահացած կինը մանկահասակ դուստր ունի, որի խնամակալության հարցը ստանձնել է հայրական տատը: Զարուհի Պետրոսյանի հետ տեղի ունեցածը դատապարտել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակկան կազմակերպություններ: