Բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիների համակարգող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ «չեն ընկրկելու, չեն վախենալու եւ շարունակելու են իրենց պայքարը` հանուն սեփական հայրենիքում ապրելու եւ աշխատելու իրավունքի»:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիները Ժառանգություն խմբակցության պատգամավորների եւ կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ անցկացնում էին բողոքի ակցիա` կրկին պահանջելով իրենց չզրկել հանապազօրյա հացը վաստակելու եւ ընտանիքները կերակրելու հնարավորությունից, որից իրենք զրկված են արդեն շուրջ երկու ամիս` քաղաքապետարանի կտրուկ արգելանքի պատճառով:
Շուրջ 50 քաղաքացու մասնակցությամբ անցկացված ակցիան սկսվեց քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմացի ձախ հատվածում, ինչը որեւէ կերպ չէր խոչընդոտում քաղաքապետարանի բնականոն աշխատանքին: Կարճ ժամանակ անց մի քանի անգամ ցուցարարների թվին գերազանցող ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները պահանջեցին հեռանալ նշված վայրից, սակայն բողոքի մասնակիցները չանսացին ապօրինի պահանջին, իսկ պատգամավորները պահանջում էին չխոչընդոտել օրինականության սահմաններում անցկացվող բողոքի ակցիան: Քիչ անց, հավանաբար ստանալով ուժ գործադրելու մասին իրենց ղեկավարության հրահանգը, հատուկ ջոկատայինները սկսեցին կոպտորեն հրելով ու սպառնալիքներով ցուցարարներին ստիպել հեռանալ դիմացի խոտածածկ հատված: Հիմնականում ցուցարար կանանց դեմ գործադրված այդ անօրինական բիրտ ուժի հետեւանքով տասնյակ ցուցարարներ գետին տապալվեցին, մի մասին սեղմում էին մայթեզրին կանգնած մեքենաներին, մի մասին էլ հարվածներով եւ ձեռքերից քաշելով ստիպողաբար տեղափոխում էին դիմացի տարածք: Այդ ամենի պատճառով որոշ ցուցարարներ ակամայից հայտնվելով փողոցի երթեւեկելի հատվածում` իբրեւ բողոքի նշան փորձեցին կենդանի շղթա կազմել, որոնց, սակայն, բազմաթիվ համազգեստավորներ նորից քաշքշելով հեռացրեցին: Տուժեցին ու վնասվածքներ ստացան տասնյակ ցուցարարներ, իսկ մեծահասակ կանանցից մեկը, ով ոտքի լուրջ վնասվածք էր ստացել եւ չէր կարողանում քայլել, մեքենայով Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ տեղափոխեցին հիվանդանոց: Վնասվածք ստացած կինը շուրջ 70 տարեկան Խանում Ավդալյանն էր, ով ստացել էր ոտքի կոտրվածք, եւ նրա ոտքն այժմ գիպսի մեջ է:
Մեզ թողնելով առանց ապրուստի միջոցի` իշխանությունը դրանով չբավարարվեց, եւ բացահայտորեն դիմում է ուժի օգնությանը: Մենք հայտարարում ենք, որ չենք ընկրկելու, չենք վախենալու եւ շարունակելու ենք մեր պայքարը` հանուն մեր հայրենիքում ապրելու եւ աշխատելու իրավունքի: Լրատվամիջոցների ներկայացուցիչներից պահանջում ենք բարեխղճորեն եւ հրատապ լուսաբանել մեր արդար պահանջները, բողոքի գործողությունները եւ իշխանության կողմից մեր հանդեպ գործադրվող տարատեսակ ճնշումները: Այս հայտարարությունը հասցեագրում ենք նաեւ ՀՀ ոստիկանապետին եւ գլխավոր դատախազին ու պահանջում ենք այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տալ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ այն պահին, երբ պատրաստ էր այս հայտարարությունը, մեզ հայտնեցին, որ տուժած Խանում Ավդալյանին այդ ոտքով տարել են ոստիկանական բաժանմունք»:





























