Հայ Ազգային Կոնգրեսը երեկ՝ մարտի 1-ին հրապարակել է 15 կետից բաղկացած մի հայտարարություն, որտեղ պահանջներ են ներկայացված իշխանություններին։ Անմիջապես աչքի է զարնում այն հանգամանքը, որ պահանջների գրեթե կեսը սոցիալ-տնտեսական բնույթի են՝ սկսած աշխատավարձերի ու թոշակների բարձրացումից, փողոցային առեւտրի սահմանափակումների վերացումից ու վերջացրած Թուրքիայից ներկրվող ապրանքների կամ վրացական պետհամարանիշով մեքենաների մաքսազերծման արժեքի նվազմամբ։

Դեռ երբեք ՀԱԿ-ը այդքան առանցքային ուշադրություն չէր հատկացրել սոցիալ-տնտեսական պահանջներին։ Առաջին միտքը, որ ծագում է սույն հայտարարագիրը կարդալուց՝ արաբական հեղափոխությունների հետ զուգահեռներն են։ Արաբական հեղափոխությունների սկզբնական շրջանում սոցիալական գործոնը էական դեր էր խաղում, ուստի շատերն էին Եգիպտոսի, Թունիսի կամ Ալժիրի իրադարձություններն անվանում «սոցիալական հեղափոխություններ»։ Լիբիայում կամ Բահրեյնում սոցիալական պահանջները հետին պլանում են, սակայն հատկապես Եգիպտոսից ընդօրինակելու շատ բան կա։

Վերջին ամիսներին Տիգրան Սարգսյանի կառավարությունը մի շարք կտրուկ քայլեր է կատարել՝ տեղիք տալով սոցիալական հուզումների։

Հարկային վարչարարությունն ակնհայտորեն խստացվել է, սակայն այդ խստացումը տարածվել է նաեւ փոքր բիզնեսի վրա։ Կառավարությունը նախ ստիպեց Թուրքիայից ապրանք ներմուծողներին օրինականացնել իրենց առեւտուրը՝ մաքսազերծումն իրականացնելով ոչ թե միջնորդների, այլ սեփական ուժերով։ Այնուհետ հերթը հասավ փողոցային առեւտրին՝ զարմանալի օպերատիվությամբ ու հետեւողականությամբ ոստիկանությունը բոլորին քշեց դեպի փակ շուկաներ։ Այնուհետեւ կառավարությունը որոշեց ստիպել վրացական համարանիշերով մեքենաների սեփականատերերին՝ պարտադիր մաքսազերծում իրականացնել։ Այդ ամենին հետեւեցին բողոքի ակցիաներն ու կառավարության փոխզիջումային քայլերը։

Արդյոք այս ամենը բավականաչափ հեղափոխական պոտենցիա՞լ է ստեղծում՝ հաշվի առնելով իհարկե ընդհանուր սոցիալական ծանր վիճակը։ Մեր կարծիքով՝ կառավարության քայլերը փողոցային առեւտրի եւ ներմուծմամբ զբաղվող առեւտրականների հետ կապված՝ արդարացված են ու ճիշտ:

Դրանք ընդամենը կարգուկանոնի ու օրինականության վերականգնման նպատակ են հետապնդում, ինչով պետք է զբաղվի ցանկացած կառավարություն։ Չմոռանանք, որ վարդերի հեղափոխությունից հետո, Մ. Սահակաշվիլին նույնպես շատ արագ Թբիլիսիում վերացրեց փողոցային առեւտուրը, ու թեեւ դժգոհություններին՝ վրացական ընդդիմությունը չկարողացավ հարցը քաղաքականացնել։

Այլ է խնդիրը ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված՝ այստեղ կառավարության դիրքորոշումը բավականաչափ հիմնավորված չէ։ Ինչո՞ւ, օրինակ, անձնական նպատակներով ներմուծված մեքենաների համար պետք է վճարել նույն հարկը, ինչ առեւտրային նպատակներով ներմուծվածների դեպքում։ Այս հարցադրման պատասխանը կառավարության կողմից չի տրվել։ Ավելին՝ հիմքեր կան ենթադրելու, որ կառավարության խստությունը պայմանավորված է ավտոմոբիլային սալոնների շահերի պաշտպանությամբ։ Նման քայլերը չեն նպաստում կառավարության հեղինակության բարձրացմանը։

Բոլոր դեպքերում՝ վերը նշված դժգոհությունների ալիքը բավարար չէ ինչ-որ լուրջ սոցիալական շարժում սկսելու համար։ Սակայն հանրապետությունում սոցիալական իրավիճակը սրված է, իսկ կենսամակարդակը գնալով անկում է ապրում։ Ակնհայտ է, որ եկամուտների աճը հետ է մնում գների աճից, ու այդ մկրատը գնալով մեծանում է։ Սակայն կառավարությունն ունի ուժեղ խաղաքարտ՝ կարողացել է անփոփոխ թողնել գազի գինը, այնինչ բոլոր երկրներում այն աճում է; Ենթադրենք՝ իշխանության է գալիս Լ. Տեր-Պետրոսյանի թիմը՝ ի վիճակի՞ է այն կանխարգելել գազի թանկացումը։ Այս հարցը չունի միանշանակ դրական պատասխան, հետեւաբար՝ նոր իշխանությունը կբախվի նույն սոցիալական խնդիրներին, ինչ ներկա իշխանությունը։ Ընդդիմությունն առաջարկում է սահմանել 200 դոլար նվազագույն աշխատավարձ, 112 դոլար թոշակ ու 100 դոլար գործազրկության նպաստ։ Նշենք, որ թոշակների սույն չափին հասնելու համար լրացուցիչ 150 մլրդ դրամ է հարկավոր։ Կարելի է անվերջ վիճել, թե որքանով իրատեսական են թոշակների ու աշխատավարձերի բարձրացման նման պահանջները։ Սակայն նշենք, որ այս տիպի բանավեճերը նոր չեն՝ դրանք ծագել են այն ժամանակ, երբ Լ. Տեր-Պետրոսյանը նախագահ էր, ու ընդիմությանն էլ նման դեպքերում մեղադրում էր պոպուլիզմի մեջ։

Քչերն են հավատում, որ Տ. Սարգսյանի կառավարությունը կկատարի ընդդիմության պահանջները, թեեւ հայտարարագրի որոշ կետեր միանգամայն ընդունելի են։ Սակայն հայտարարագրում կա հետաքրքիր ձեւակերպում՝ «նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում» ընդդիմությունը պատրաստ է երկխոսության։ «Զգալի մաս» հասկացությունը շատ հարաբերական է։ Օրինակ՝ կարելի է կատարել որոշ քաղաքական պահանջներ՝ վերաբացել «Ա1+»-ը, ազատել քաղբանտարկյալներին, փոխհատուցել մարտի 1-ի զոհերին։ Հետամուտ կլինի՞ արդյոք ընդդիմությունն այդ դեպքում իր սոցիալական պահանջներին՝ դժվար է ասել:

Սամվել Ավագյան