ՄԱԿ-ը մարտի 2-ին խոստովանել է, որ սխալվել է Բելառուսին ներկայացրած իր մեղադրանքներում՝ կապված Կոտ Դ՝Իվուարում ռազմական ուղղաթիռներ վաճառելու հետ։
ՄԱԿ-ի խաղաղարար գործողությունների հարցերով քարտուղար Ալեն լե Ռոյի խոսքով, սխալի պատճառ է դարձել աֆրիկյան այդ երկրում ՄԱԿ-ի առաքելության ոչ ճշգրիտ զեկույցը։ Լե Ռոյը պաշտոնապես ներողություն է խնդրել Բելառուսից եւ կատարվածը կազմակերպության համար «ծայրահեղ վատ» միջադեպ համարել։ «Ես պետք է խոստովանեմ... նման բան չի եղել»,- ասել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը փետրվարի 28-ին հայտարարել էր, որ տեղյակ է Բելառուսի կողմից Կոտ Դ՝Իվուար զենք առաքելու էմբարգոյի խախտման մասին։ Նա պատմել էր նախագահ Գբագբոյին տրամադրված երեք ռազմական ուղղաթիռների մասին։
Նույն օրը Բելառուսի ԱԳՆ-ը պաշտոնապես հերքել էր այդ պնդումները եւ հայտնել, որ երկիրը մշտապես հետեւում է ՄԱԿ-ի՝ զենք մատակարարելու պատժամիջոցներին։




























