«Հաշված օրեր են մնացել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի պաշտոնավարման ժամկետին։ 2006 թվականին նշանակված տիկինը այս կարճ ժամանակահատվածում կարողացավ հիմնահատակ ավերել բուհը. խոսքը բարոյահոգեբանական մթնոլորտի, կրթության որակի եւ պրոֆեսորադասախոսական կազմի սպանդի մասին է։ Կդնի՞ երկրորդ անգամ իր թեկնածությունը տիկին ֊Քյալյանը, թե ոչ՝ դժվար է ասել։ Մի բան հստակ է. տիկին Քյալյանն այլեւս շանս չունի «բռնազավթելու» ռեկտորի աթոռը, որովհետեւ ռեժիմն արդեն որոշել է պատմության գիրկն ուղարկել սույն տիկնոջը։
Եվ այնուամենայնիվ, Գոհար Քյալյանը՝ նորից կառաջադրվե՞ք, թե՞ ոչ հարցին պատասխանել է, «թեպետ դա անձնական որոշման խնդիր է, բայց այդ հարցը պետք է որոշի կոլեկտիվը»։ Այսօր Գոհար Քյալյանը պատրաստվում է բաց ժողով անել եւ զեկույցով ներկայացնել իր հինգ տարվա աշխատանքը (այս մասին տեղեկացրել է կայքերից մեկը)։ «Դա նախ եւ առաջ էթիկայի հարց է. հաշվետվություն ներկայացնել աշխատողների առաջ, եւ իմանալ նրանց գնահատականը, թե ինչ են մտածում այդ հարցում։ Ես ունեմ թիմ, եւ եթե այդ թիմն ասի, որ պատրաստ է սատար կանգնել ինձ, ապա ես կմտածեմ մյուս 5 տարվա ստրատեգիան»։ Առաջ անցնելով՝ վերստին փաստենք, ՀՀ իշխանություններն այս օրերին «մարդ են ման գալիս»՝ բժշկականի ռեկտորի պաշտոնը նրան հանձնելու համար։ Այս պահին ամենահավանական թեկնածուն Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի տնօրեն, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանն է։
Ի դեպ՝ Գոհար Քյալյանը մշտապես վատ է վերաբերվել Դումանյանին, որովհետեւ նրա մեջ մրցակից է տեսել, որովհետեւ մտածել է, թե Դումանյանն աչք ունի իր աթոռին։ Սպասենք զարգացումներին. իսկ մինչ այդ անդրադառնանք Քյալյանի՝ օրերս արած հայտարարությանը եւ դրան հաջորդած իրադարձություններին»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:





























