Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ մարտի 3-ին, կառավարության նիստից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ իր ընդդիմախոսներին մեղադրելով պրովոկացիաներ սարքելու եւ քաղաքական կեղտոտ հնարքներ կիրառելու մեջ։

Ըստ Տ. Սարգսյանի՝ ընդդիմախոսները չունեն վերլուծություններ կատարելու ընդունակություն, այդ պատճառով՝ «մեզ վերագրում են բաներ, որ չենք ասել»։ Որպես օրինակ նշվեց մամուլում վերջերս հաճախակի չարչրկվող այն մեկնաբանությունը, ըստ որի Տիգրան Սարգսյանն ասել է, թե Հայաստանին արտադրություն պետք չէ, իսկ մեր երկիրը պետք է դառնա ծառայություններ մատուցող երկիր։ Վարչապետն իրեն վերագրվող այդ միտքն անվանեց անհեթեթություն ու պրովոկացիա։

«Սա քաղաքական պայքարի ձեւ է, իշխանություններին վարկաբեկելու միջոց»,- հայտարարեց Տ. Սարգսյանը։ Նա կառավարության անդամներին կոչ արեց հանգիստ վերաբերել նման կարծիքներին, ու առաջինը բարձրաձայնել իրենց ոլորտներում առկա թերությունների ու բացթողումների մասին։ «Այդպիսի աշխատաոճը ստեղծում է լուրջ անհարմարություններ մեր ընդդիմախոսների համար, քանի որ բացթողումները ներկայացնելու համար պետք է լուրջ վերլուծական աշխատանք»,- եզրակացրեց կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին մի քանի հեռուստաընկերությունների հետ հարցազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանին տրվել է հետեւյալ հարցը. «Հայաստանը ե՞րբ սպառող երկրից կդառնա արտադրող երկիր, եւ հնարավոր կլինի՞ այսօր հանրապետություն նեմուծվող տարրական ապրանքների արտադրությունը կազմակերպել այստեղ: Ինչո՞ւ չի կազմակերպվում այդ արտադրությունը Հայաստանում, եւ մենք ստիպված ներմուծում ենք դրանք»:

Վարչապետի պատասխանը ներկայացնում ենք այն տեսքով, ինչպես այն տեղակայված է կառավարության պաշտոնական կայքէջում.

«Գոյություն ունի կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիր: Երկարաժամկետը հետևյալն է` ինչպիսի՞ն է լինելու ՀՀ տնտեսությունը 15-25 տարիների ընթացքում: Արդյո՞ք ՀՀ-ն լինելու է ապրանք արտադրող երկիր:

Օրինակ` ԱՄՆ-ն ապրանք արտադրող երկիր չէ: Վերջինս ծառայություններ արտադրող երկիր է եւ ամբողջ աշխարհին նա մատակարարում է իր ծառայությունները, որոնք հիմնված են գիտելիքահեն տնտեսության վրա, եւ այդ առումով ԱՄՆ տնտեսությունն աշխարհի ամենադինամիկ զարգացողն է: Ապագայի տնտեսությունը հենց դա է: Ես կարծում եմ, որ եթե երկարաժամկետ կտրվածքով նայենք, ապա ՀՀ դիրքավորումն այդպիսին պետք է լինի, քանի որ մենք չենք կարող մրցակցել Չինաստանի, Հնդկաստանի հետ ապրանքների արտադրության ոլորտում:

Արտադրության ծավալներից, աշխատավարձից ելնելով, ավելի մատչելի ու ձեռնտու է լինելու, ասենք, հեռուստացույց, համակարգիչ արտադրել Չինաստանում, Հնդկաստանում, քան Հայաստանում: Ապագայում մեր երկիրը նույնպես պետք է դառնա ծառայություններ մատուցող երկիր, որը հիմնված է գիտելիքի վրա: Մենք պետք է մոտակա 10 տարիների ընթացքում ունենանք տասը համալսարան, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն չափանիշներին: Չլուծեցինք այս խնդիրը, ուրեմն մենք` որպես ազգ, պետություն, ապագա չենք ունենալու»։