Դինոզավրերի նոր տեսակի քարացած ծնոտներ են հայտնաբերվել Ավստրալիայի հարավային ափերին։ Մելբուռնի Նոր Անգլիայի համալսարանի հնէաբանների կարծիքով՝ դրանք պատկանում են ոչ մեծ խոտակեր մողեսների դասին, որոնք բնակվում էին Ավստրալիայի եւ Անտարկտիդայի տարածքում մոտ 125 մլն տարի առաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գիտնականները ցայժմ անհայտ տեսակն անվանել են գալեոնոզավր փոքր ծնոտի պատճառով, որն արտաքնապես շրջված նավ է հիշեցնում։ Քարացած մասերը գտնվել են Վիկտորիա նահանգի Հիփսլանդ ափին եւ, գիտնականների կարծիքով, այս գտածոն վկայում է այն մասին, որ միլիոնավոր տարիներ առաջ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Անտարկտիդան կապող տարածքը խիտ բնակեցված է եղել տարբեր կենդանիներով։ «Այստեղ եղել է հովիտ թավ անտառի եզրին, բազմաթիվ հրաբուխներով։ Դա իսկական կորուսյալ աշխարհ էր, թեեւ հիմա քիչ բան է հիշեցնում նրա մասին՝ քարացած դինոզավրերի մասերից բացի, որոնք մենք երբեմն գտնում ենք այստեղ»,- ասել է Նոր Անգլիայի համալսարանի հնէաբան Մեթյու Հեռնը։

Հայտնաբերված քարե մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գալեոնոզավրը պատկանել է հնագույն մողեսների մեծ խմբի, որոնք հիշեցնում են ժամանակակից թռչուններին, բայց թեւեր չեն ունեցել, նրանք հիանալի վազորդներ են եղել։ «Մենք արդեն գիտենք, որ դա երկոտանի, շատ ճարպիկ խոտակեր դինոզավր էր։ Անկասկած, նա սերտորեն կապված էր չորս կամ հինգ այլ տեսակների հետ, որոնք բնակվել են այս տարածքում եւ նման են չափերով, բայց գալեոնոզավրը տարբերվում է ծնոտների կազմվածքով եւ ատամների կառուցվածքով»,- պարզաբանել է դոկտոր Հեռնը։

Գիտնականների կարծիքով՝ դինոզավրերի նոր տեսակի հայտնաբերումը կարեւոր փուլ կհանդիսանա հնէաբանության մեջ, քանի որ կօգնի «գրի առնել Ավստրալիայի դինոզավրերի ամբողջական պատմությունը»։