Հայկական եւ ռուսական կողմերը փորձում են հասնել նրան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առավելագույնը ստորագրի մի փաստաթուղթ, նվազագույնը հայտարարություն անի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով երեք նախագահների կայանալիք հանդիպումը։
«Այնքան էլ չեմ հավատում, որ դա կստացվի, քանի որ հիմքեր չեմ տեսնում, որոնց պատճառով Ալիեւը կարող է նման հայտարարություն անել։ Չի բացառվում, որ Ալիեւն ինչ-որ բան ասի, ոչ ավելին»,- նշեց Իսկանդարյանը։
Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների վերսկսմանը, Իսկանդարյանի խոսքով, դա տեղի չի ունենում մի պատճառով. ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն ցանկանում պատերազմ վերսկսել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրչբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։
Նշենք, որ սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։





























