Հայաստանի ոստիկանությունը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ, որ պետք է կատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները, եւ որոշել է, թե իր ուղիղ եւ անմիջական պարտականությունը «խորը» քաղաքական վերլուծություններ անելն է: Այդ Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով բարձրաստիճան ոստիկանների երեկվա ելույթները:

«Ոստիկանները, չգիտես-ինչու, որոշել են, որ իրավունք ունեն խորհուրդներ տալ ժողովրդին, ինչ, ինչպես, ինչու եւ որտեղ անել, ինչ կարելի է պահանջել, ինչ չի կարելի: Մեզ էլ խորհուրդներ են տալիս, որ մենք շտապեցինք մեր հայտարարությունը անելով: Քիչ է մնում հարցնես՝ դու ո՞վ ես ախր: Քաղաքական գնահատականներ են սկսում ոստիկանները տալ ընթացող պրոցեսներին, հավանաբար Սահմանադրության եւ օրենսդրության հետ ծանոթ չլինելու հետեւանք է, որովհետեւ ոստիկանության խնդիրը մեզ դասեր տալը չէ, այլ կարգուկանոն հաստատելը»,- վրդովեց Հովհաննիսյանը: