Տրամաբանությունը հուշում է, որ գոնե այսօր եւ առաջիկայում պատերազմ չի լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտրարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: «Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի եւ դա կմարսի: Ոչ ոք դրան կողմ չէ: Հայաստանն ամեն մի այդպիսի ոտնձգության անդրադառնում է շատ ադեկվատ, եւ չի եղել մի դեպք, որ այդ դեպքի վերաբերյալ մի հայտարարություն չարվի»,-հայտարարեց պատգամավորը:
Նա շփման գծում երեկ` մարտի 4-ին տեղի ունեցած միջադեպը, որի հետեւանքով հայ մեկ զինծառայող էր սպանվել, համարեց շանտաժի ձեւ:
«Այսպիսով ադրբեջանցիները ցույց են տալիս, որ աջակցում են իրենց ղեկավարին»,-նկատեց Ալեքսանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը:





























