Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի ամեն հերթական հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները արդեն ավանդույթ են դարձել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հերթական միջադեպին, որի հետեւանքով մեկ հայ զինվոր է սպանվել:

«Վաղուց ժամանակ է, որպեսզի միջազգային հանրությունը կենտրոնացնի իր ուշադրությունը Ադրբեջանի նման պահվածքի վրա, եւ տա համարժեք գնահատական»,-հայտարարել է Կարապետյանը: Նա միաժամանակ ընդգծել է, որ Բաքվի պահվածքը պետք է դառնա քննարկման առարկա Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների` այսօր Սոչիում տեղի ունենալիք եռակողմ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ երեկ եռակողմ հանդիպման նախօրեին ադրբեջանական դիպուկահարների կրակոցից հայ զինվոր է սպանվել: Դրանից մեկ օր առաջ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով վիրավորվել է  հայ զինծառայող:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրեբջանի եւ ՌԴ-ի` Սանկտ-Պետերբուրգում անցած տարի հունիսին տեղի ունեցած հանդիպումից հետո  տեղի ունեցավ հերթական միջադեպը, որը հրահրվել էր ադրբեջանական կողմը: Միջադեպի հետեւանքով 4 հայ զինվոր էր սպանվել, եւս 4-ը վիրավորվել էին: