Սաուդյան Արաբիայի համար աշխատող հաքերները կոտրել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հեռախոսը: Այդ մասին հայտարարել է մասնավոր խորհրդատու Գեւին դե Բեքերը Daily Beast-ում իր հետաքննության արդյունքում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Բեքերի խոսքերով՝ սաուդյան կառավարությունը ցանկանում էր վնաս հասցնել Բեզոսին, երբ նրան պատկանող The Washington Post թերթը ակտիվորեն լուսաբանում էր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը:
«Մեր հետաքննիչներն ու փորձագետները եկել են եզրահանգման, որ, ըստ ամենայնի, Սաուդյան Արաբիային հասանելի էր Բեզոսի հեռախոսում նրա անձնական տեղեկատվությունը»,-նշել է նա:
Բեքերը նշում է, որ ներկայումս հայտնի չէ՝ տեղյակ էր արդյոք American Media ընկերությունը, որին պատկանում է լրագրող Լորեն Սանչեսի հետ Բեզոսի լուսանկարները հրապարակած National Enquirer պարբերականը, միլիարդատերի հեռախոսը կոտրելու մասին:
Աշխարհում ամենահարուստ մարդու անձնական լուսանկարները հրապարակվել էին նախքան իր կնոջ՝ Մաքքենզիի հետ ամուսնալուծության մասին հայտարարությունը: Բեզոսը նախաձեռնել էր գործի հետաքննությունը, որն առաջացրել էր American Media ընկերության ղեկավարի դժգոհությունը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ National Enquirer –ը գնել էր Բեզոսի անձնական նամակագրությունը 200 հազար դոլարով նրա սիրելի կնոջ եղբայր Մայքլ Սանչեսից:





























