Այս օրերին Հայաստանում է գտնվում Մոսկվայի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Նոր մեդիա եւ հաղորդակցություն» ամբիոնի վարիչ, “Частный Корреспондент” (Chaskor.ru) առցանց թերթի հիմնադիր- խմբագիր, հայտնի լրագրող, հետազոտող եւ փորձագետ Իվան Զասուրսկին: Երեւանում գտնվելու օրերին հայտնի լրագրողը մարտի 4-6-ը Աղվերանում դասախոսություններով հանդես է եկել մարզերի լրագրողների համար՝ թվային միջավայրում ԶԼՄ-ների փոխակերպումը, սոցիալական ցանցերի ազդեցության եւ այլ թեմաներով: Մարտի 7-ին Ի. Զասուրսկիի հետ հանդիպում- քննարկում են կազմակերպվել Երեւանում, որից հետո եւ զրուցեցինք նրա հետ:
«Կար ժամանակ, երբ լրագրողները կարեւոր մարդիկ էին եւ մենք կախարդական միջորդներ էինք: Սակայն այսօր ժամանակները փոխվել են եւ մեդիաները պետք է պարզապես այս փոխակերպվող միջավայրում կարողնանան շատ արագ գտնել իրենց տեղն եւ դերը, քանի որ տեղի է ունեցել ուժերի փոփոխություն»: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ի. Զասուրսկին: Հայտնի լրագրողի խոսքով՝ ներկայումս սոցիալական ցանցերը դարձել են այն զտիչները, որոնց միջոցով օգտագործողը ստանում է տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ այլն:
«Այժմ արդեն կարեւոր չէ, թե ինչ կցուցադրեն հեռուստաալիքները, կամ ինչ կգրեն թերթերը, մարդիկ միեւնույն է, գտնում են ճշմարտությունը՝ թեկուզ իրենց ընկերոջ սոցիալական ցանցի էջի պատին»,- ասաց Ի. Զասուրսկին: Նրա խոսքով՝ նախկինում քարոզչական համակարգերը կարող էին անընդհատ իրենց ասածը տարածել եւ վերջ, իսկ այժմ այս զտիչ ապարատը՝ «սոցիալական ցանցերը» օգտագործողներին տալիս են ընտրության հնարավորություն:
«Այլեւս որեւէ բան չի կարելի թաքցնել: Կամ կարելի է թաքցնել ինչ ուզես, բայց այն որ իրականությունը միեւնույն է ջրի երես դուրս կգա, այժմ դրա հավանականությունը շատ ավելին մեծ է, քան նախկինում էր»,- ասաց Ի. Զասուրսկին:
Նշենք, որ Ի. Զասուրսկին Հայաստանում է գտնվում «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության հրավերով «Նոր մեդիա սեմինարներ մեդիա հասարակության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ի հոկտեմբերին: Ծրագրի նպատակն է հայ մասնագետներին, մասնավորապես լրագրության դասախոսներին եւ մարզային լրագրողներին աջակցել զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները նոր մեդիա միջավայրում եւ խթանել դրանց ակտիվ գործածությունը:
Ծրագրի իրականացմանն աջակցում են ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը եւ Նիդերլանդների թագավորության դեսպանության Սոցիալական փոխակերպումների ծրագիրը:




























