ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն դատապարտել է ԱՄՆ Ազգային պարկերի ծառայության (National Park Service) որոշումը՝ թույլատրել Թուրք-ամերիկյան ղեկավար ազգային կոմիտեին (TASC) բողոքի ակցիաներ իրականացնել Վաշինգտոնում ապրիլի 24-ին, տեղեկացնում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA) Facebook-ի իր էջում։
«Ցնցող է այն փաստը, որ ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությունը Թուրք-ամերիկյան ղեկավար ազգային կոմիտեին թույլատրում է բողոքի ակցիաներ իրականացնել ապրիլի 24-ին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում բռնության նախկին սադրանքները Էրդողանի կողմնակիցների կողմից։ Ես կոչ եմ անում անհապաղ հետ կանչել այդ թույլտվությունը»,- նշել է կոնգրեսականն իր Twitter-ի միկրոբլոգում։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Թուրք-ամերիկյան ղեկավար ազգային կոմիտեն (TASC) պատրաստվում է ակցիա իրականացնել ապրիլի 24-ին այն նույն ժամանակ, երբ հայերը Վաշինգտոնում Անկարայի ժխտողական քաղաքականության դեմ բողոքի ցույց կանցկացնեն։ Այս տարի թուրք-ամերիկյան կազմակերպությունն առաջին անգամ ստացել է ԱՄՆ Ազգային պարկերի ծառայության հավանությունը՝ անցկացնել ակցիա դեսպանի նստավայրից ոչ հեռու, որտեղ 2017 թվականի մայիսին Էրդողանի թիկնապահները դաժանաբար ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին։





























