Այս օրը պետք է կարեւոր նշանակություն ունենա ամբողջ քաղաքակիրթ մարդկության համար, քանի որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործվող ծանրագույն հանցագործություն է: Այս մասին ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ եթե այս հանցագործությանը չտրվի համապատասխան իրավական գնահատական եւ միջոցներ չձեռնարկվեն նման բանի կրկնում թույլ չտալու համար, ապա չի կարելի խոսել որեւէ կանխող միջոցառման մասին: «Սա նաեւ կարեւոր օր է մեր միասնության ցուցադրման տեսանկյունից, քանի որ մեր զոհերին հայրենակիցները հիշում են ամբողջ աշխարհում»,- հավելեց Թաթոյանը:

Ընդ որում՝ նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության եւ ապագայում նման հանցագործությունների կրկնում թույլ չտալու տեսակետից: «Կարծում եմ, որ այս հանցագործության պատշաճ գնահատականի եւ դատապարտման բացակայությունն է դարձել մյուս ցեղասպանությունների իրագործման պատճառներից մեկը»,- պարզաբանեց օմբուդսմենը:

Այն հարցին, թե հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի հասնի Թուրքիայի հասցրած վնասի փոխհատուցմանը, Արման Թաթոյանը պատասխանեց, որ այդ գործընթացն իսկապես կարեւոր է եւ վստահություն հայտնեց, որ հայ դիվանագետներն այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում են: «Բայց անչափ կարեւոր է նաեւ իրավական կողմը, որը թույլ կտար գործընթաց նախաձեռնել այլ կառույցների կողմից»,- եզրափակեց նա: