Շրի Լանկայի անվտանգության ծառայությունները օրվա ընթացքում երրորդ վերահսկելի պայթյունն են իրականացրել, Twitter-ում հաղորդում է Ada Derana պորտալը:

«Եվս մեկ կասկածելի մոտոցիկլ, առանց հսկողության թողնված...Պետտախ շրջանում, պայթյունատեխնիկների թիմի կողմից վերահսկելի պայթյունի ժամանակ ոչնչացվել է», - ասվում է պորտալի հայտարարության մեջ:

Ավելի վաղ չորեքշաբթի Կոլոմբոյում կիննոթատրոնի մոտակայքում հայտնաբերված կասկածելի մոտոցիկլի ստուգման ժամանակ վերահսկելի պայթյուն էր իրականացվել:

Ավելի ուշ Շրի Լանկայի անվտանգության աշխատակիցները Կատան շրջանի ռեստորաններից մեկում ռումբ էին վնասազերծել:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեց պայթյունը որոտացել է երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում Դեհիվալեում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ է հայտնաբերվել Բանդարանաիկե միջազգային օդանավակայան տանող ճանապարհին:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն իր մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել: