Մեքսիկան պետք է կանգնեցնի ԱՄՆ-ին մոտեցող միգրանտների հերթական քարավանի մասնակիցներին, այլապես Վաշինգտոնը ստիպված կլինի փակել հարեւան երկրի հետ ամերիկյան սահմանի հատվածը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ավելի քան 20 հազար մարդուց կազմված շատ մեծ քարավան է հայտնվել ու շարժվում Մեքսիկայի տարածքով»,- Twitter-յան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում քարավանի թվակազմը նվազել էր, սակայն այն, «միեւնույն է, մոտենում» է ԱՄՆ տարածքին: «Մեքսիկան պետք է կանգնեցնի քարավանում մնացած միգրանտներին, այլապես մենք ստիպված կլինենք սահմանի այդ հատվածը փակել եւ զինվորականների կանչել»,- ընդգծել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ավելի վաղ արդեն սպառնացել էր փակել Մեքսիկայի սահմանը, եթե Մեխիկոն չկանգնեցնի ապօրինի միգրացիաի հոսքը: Լատինաամերիկյան պետության ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել էր, թե մտադիր չէ Թրամփի հետ բանավեճի մեջ մտնել նրա սպառնալիքների պատճառով: