Սեպտեմբերի 24-ին ֆրանսիական ափից ոչ հեռու Միջերկրական ծովի երկնքում բախվել են ֆրանսիական հինգերորդ սերնդի Rafale երկու կործանիչներ,- հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական ռազմածովային նավատորմի ներկայացուցիչներին։

Դժբախտ դեպքը տեղի է ունեցել փորձաթռիչքի ժամանակ, այն բանից հետո, երբ կործանիչները օդ են բարձրացել ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրից։ AFP գործակալության տվյալների համաձայն, ավիավթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 20։00-ին՝ Պերպինյան ծավափնյա քաղաքից 30 կմ դեպի արեւելք։

«Օդային եւ ծովային ուժերը անմիջապես ուղարկվել են դեպքի վայր որոնողա-փրկարարական գործողության համար, եւ օդաչուներից մեկին հաջողվել է փրկել»,- ասված է Ռազմածովային նավատորմի հաղորդագրության մեջ։ Երկրորդ օդաչուն, ինչպես հաղորդվում է, համարվում է անհետ կորած։ Ներկայումս կործանման վայրում որոնողական աշխատանքներ են ընթանում, որին մասնակցում են մեկ ուղղաթիռ, մեկ նավ եւ ռազմական երկու ինքնաթիռներ։

Ինքնաթիռների կործանման պատճառները չեն հայտնվում։ Կործանիչների արտադրողը՝ «Dassault Aviation» ընկերությունը, նույնպես չի մեկնաբանել միջադեպը։