Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վիրահատվել է եւ ներկայում ինտենսիվ թերապիա է անցնում։ Բժիշկները խոստանում են նրան հիվանդանոցից դուրս գրել մի քանի օրից, տեղեկացնում է RG-ն։

Ինչպես հիշեցնում է Il Messaggero-ն, ապրիլի 29-ին Բեռլուսկոնին որովայնում ուժեղ ցավ է զգացել։ Ձեռքի տակ եղած դեղերը չեն օգնել։ Շտապօգնության բժիշկները որոշել են հոսպիտալացնել 82-ամյա քաղաքական գործչին։ Սկզբում ենթադրվում էր, որ Բեռլուսկոնին երիկամային խիթեր ունի, բայց հետագա բուժզննումը աղիների անանցանելիություն ցույց տվեց, որն առաջ էր եկել 40 տարի առաջ լեղապարկի հեռացումից հետո առաջացած պրոցեսի պատճառով։ Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցի բժիշկները նրան լապարասկոպիայի են ենթարկել։

Հիվանդանոց ընկնելու պատճառով Բեռլուսկոնին չէր մասնակցել մայիսի 26-ին Եվրախորհրդարանի ընտրությունների հետ կապված միջոցառմանը։ Քաղաքական գործիչը մտադիր է մասնակցել դրանց իր «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության թեկնածուների թվում։

«Ինձ համար ցավալի է հուսախաբ անել մեր ընդդիմախոսներին, բայց ես կարգին եմ»,- արդեն իրավիճակը մեկնաբանել է ինքը՝ Բեռլուսկոնին։