Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը վերաբերում է գրավի առարկայի բռնագանձմանը:
Մասնավորապես, առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է, գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար»:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը սահմանում է, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին:
«Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
Նման կարգավորումը անհամաչափ ծանրաբեռնում է գրավատուի արտադատարանական կարգով բռնագանձումը կասեցնելու հնարավորությունը, քանի որ կասեցնելու համար պարտավորեցնում է գրավատուին տրամադրել ապահովում ոչ թե գրավառուի հնարավոր վնասների, այլ գրավ դրված առարկայի արժեքի չափով:
Մի շարք դեպքերում գրավադրված գույքի արժեքը մի քանի անգամ կարող է գերազանցել ոչ միայն գրավով ապահովված հիմնական պարտավորության, այլ` նաև գրավառուի հնարավոր վնասների չափը: Նման իրավակարգավորման պարագայում գրավատուի համար հիմնականում անիրագործելի է դառնում գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու վերաբերյալ օրենքով նախատեսված իրավունքի իրացումը:
Նոր նախագծով առաջարկվել է, որ դատարանը կարող է կասցենել բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավառուի հնարավոր վնասներին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի արժեքը»,-ասաց Զեյնալյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց. «Ես վստահ չեմ, որ նպատակն ու բովանդակությունն իրար հետ համահունչ է: Համարժեք ապահավում ենթադրում ենք դրամական միջոցնե՞ր, թե դատավորները սկսելու են գրավի առարկա փոխել իրենց որոշումներով: Կարող է գա ասի՝ էս տունս հարմար չի, ուրիշ տուն եմ գրավ դնում: Դատարանն ապահովումը փոխելո՞ւ է: Սա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ քաոսի կբերի, եթե չկոնկրետացնենք»,-ասաց նա:
Գրիգորյանի խոսքով եթե խոսում ենք այն մասին, որ վարկը փոքր է, գրավը՝ մեծ, ապա ապա չպետք է ասենք համարժեք ապահովում գրավի արժեքին. «Պետք է ասենք պարտքին համարժեք ապահովում: Հակառակ դեպքում՝ ձեր ֆիքսած խնդիրը էլի չի լուծվում: Կստացվի, որ ունի փոքր պարտք, բայց մեծ գրավ եւ որպեսզի գրավի ծանրաբեռնվածությունը վերացնի, էլի պետք է մեծ ապահովում ներկայացնի»:
Ի վերջո որոշվեց, որ այս տեսքով կընդունեն նախագիծը, իսկ մինչեւ ԱԺ ուղարկելը եւս մեկ անգամ կքննարկեն եւ անհրաժեշտ փոփոխությունները կանեն:




























