Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն անցնում է հազարը: Այդ մասին Տոկիոյում կայացած ասուլիսին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն:

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ավելի վաղ տեղական NHK հեռուստաընկերությունը հաղորդել էր  պաշտոնապես  հաստատված 430, եւ պաշտոնապես չհաստատված 200 զոհի մասին:

Նախօրեին` մարտի 11-ին, Ճապոնիայի ափերին ուժեղ երկրաշարժեր էին տեղի ունեցել, արդյունքում ցունամի էր առաջացել: Ֆուկուսիմայի շրջանում բնակչությունը տարհանվել է` ատոմակայանում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով, որտեղ դադարեցվել էր հովացման համակարգի էլեկտրամատակարարումը:  

Տոկիոյի էներգետիկ ընկերության (The Tokyo Electric Power Company) ներկայացուցչիների հաղորդմամբ` ռեակտորի ներսում ճնշումը շարունակում է մեծանալ եւ ճառագայթման լուրջ վտանգ կա: Փորձագետների խոսքով, եթե առաջիկա մի քանի ժամվա ընթացքում խնդիրը չլուծվի, ջերմաստիճանը կարող է գերազանցել կրիտիկական մակարդակը,  միջուկային ռեակտորի ուրանային առանցքները կսկսեն հալվել եւ, վատագույն դեպքում, ԱԷԿ-ը կարող է պայթել: