2018թ. մայիսի 1-ից մինչեւ օրս 2019թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի վարչական տարածքում արձանագրված հանցագործություններով պետությանը եւ համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 28 նյութ, ինչը 2017թ. ողջ տարվա ցուցանիշը գերազանցում է 4 անգամ:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ դեպքերից 19-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 15-ը եղել են կոռուպցիոն բնույթի: 4 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքով` գործուն զղջալու պատճառաբանությամբ, իսկ 5-ով` հանցագործության դեպքի կամ հանցակազմի բացակայության հիմքով:
Պետությանը եւ համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործերի նախաքննության ընթացքում 18 անձի /որից 13-ը պաշտոնատար/ նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Նշված պաշտոնատար անձինք եղել են համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ, հանրակրթական դպրոցի տնօրեններ:
2018 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը պետությանը կամ համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերով 9 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով կամ նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ 9 պաշտոնատար անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ընթացքի մեջ է:
Նշված ժամանակահատվածում դատի են տրվել 2 պաշտոնատար անձինք, 2-ն էլ՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարներ:
Մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը եւ համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 50.930.744 ՀՀ դրամ գումար, որից 30.974.893 ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 19.955.851 ՀՀ դրամը` որպես համայնքներին պատճառված վնաս: Համեմատության համար նշենք, որ ողջ 2017 թվականի ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերով պարզված՝ պետությանը եւ համայնքներին պատճառված վնասը կազմել էր 9.726.959 ՀՀ դրամ (4 անգամ քիչ), որից 3.139.159 ՀՀ դրամը պատճառվել էր պետությանը, իսկ 6.587.800 ՀՀ դրամի չափով վնասը՝ համայնքներին:
Անցած մեկ տարվա ընթացքում պատճառված վերոնշյալ վնասից նյութերի նախապատրաստման կամ նախաքննության ընթացքում հատուցվել է ընդհանուր առմամբ 37.133.193 ՀՀ դրամ գումար, ինչը 5 անգամ ավելի է քան 2017թ. ընթացքում վերականգնված վնասի չափը, որը կազմել է է 6.148.280 ՀՀ դրամ:
2018թ. մայիսի 1-ից 2019թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դատարանում քննված եւ ավարատված մեկ քրեական գործով վերականգնվել է նաեւ պետությանը պատճառված 2.222.399 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի օտարված՝ համայնքին պատկանող 4.6 հա հողատարածք:



























