Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը Ստամբուլում քաղաքապետի ընտությունները արդյունքները չեղարկելու եւ կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին: Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի ԿԸՀ-ն երկուշաբթի որոշում էր ընդունել Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկման մասին, որոնցում պարտվել էր նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն էր: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու հավաստագիը հետ կկանչվի:
ԵՄ ներկայացուցիչների հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիայի ԿԸՀ որոշումը ընտրությունների արդյունքների չեղարկման մասին քաղաքականացված է եւ «հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի առանցքային նպատակին՝ ժողովրդական կամքի ընդունմանը»: Դրանից բացի, նման քայլը «խափանում է ընտրական գործընթացը, որին հանձնառու լինելը թուրք ժողովուրդը ցուցադրել էր՝ իր ձայնը տալով չափազանց մեծ մասնակցության պարագայում, ինչպես նաեւ խախտում է Թուրքիայի որպես Եվրոպայի խորհրդի անդամի ստանձնած պարտավորությունները», նշված է հայտարարութան մեջ:
ԵՄ-ից ընդգծել են, որ Թուրքիայի ԿԸՀ աշխատանքը պետք է իրականացվի միջազգային նորմերին համապատասխան անկախ աշխատելաոճով: Մոգերինին եւ Հանը նաեւ հույս են հայտնել, որ Թուրքիան միջազգային դիտորդներին թույլ կտա հետեւել կրկնակի ընտրություններին:
Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին: Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է ցանկացած քննադատություն՝ կապված այս որոշման հետ եւ կոչ է արել այն հարգել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն Յըլդըրըմից առաջ է անցել՝ մարտի 31-ի ընտրություններում ստանալով ընտրողների 4,171 մլն ձայները: 2002 թվականից ի վեր ԱԶԿ-ն առաջին անգամ զիջել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, որի քաղաքապետն է եղել Էրդողանը 1994-1998 թվականներին:





























