«Աշխարհում այսօրվա դժվարին տնտեսական իրավիճակում այդ նորամուծությունը կթուլացնի „Արմենալ“-ի մրցակցային դիրքերը: Բայց հարցի լուծումը, ավելի շուտ, կառավարության իրավասության տակ է»,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Արմենալ» գործարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը՝ մեկնաբանելով Եվրամիության՝ Հայաստանի, Չինաստանի եւ Բրազիլիայի ալյումինե փայլաթիթեղի արտադրողների վրա մտցրած սահմանափակող միջոցոռումները:

Ինչպես նախօրեին հայտնել էր Bloomberg գործակալությունը, Եվրամիությունը հնգամյա հավելյալ՝ 30 տոկոսի չափով մաքսեր էր մտցրել Չինաստանի, Հայաստանի եւ Բրազիլիայի ալյումինե փայլաթիթեղի վրա, որ օգնի եվրոպական արտադրողներին, այդ թվում լեհական Grupa Kety SA ընկերությանը, էժան ներմուծման դեմ մրցակցելու համար: Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ չինացի, հայ եւ բրազիլացի արտահանողները ներմուծում էին իրենց արտադրանքը ԵՄ 27 երկրներ ինքնարժեքից ցածր գնով, այսինքն զբաղվում էին դեմպինգով: Քաղաքականության արդյունքում, ինչպես հաղորդում է աղբյուրը, ֆինանսական կորուտսներ են կրել բրիտանական Novelis, հունական Symetal Aluminium Foil Industry SA եւ բուլղարական Alcomet ընկերությունները: Համաձայն ԵՄ որոշման, Companhia Brasileira de Aluminio եւ բրազիլական ցանկացած այլ ընկերության արտադրանքի վրա դրվելու է 17,6 տոկոս մաքս, «Արմենալ»-ի արտադրանքի վրա՝ 13,4 տոկոս եւ 30 տոկոս ցանկացած չինական ընկերության արտադրանքի վրա: Ընդ որում, ԵՄ-ն ընդունել է բրազիլական ընկերության առաջարկը՝ հրաժարվել է նվազագույն գներից, փոխարենը ազատվել հակադեմպինգային մաքսատուրքերից, միաժամանակ մերժելով «Արմենալ»-ի նույնաբովանդակ առաջարկությունը: