Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում, որտեղ աշխատանքն է սկսել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը:

Մինչ նիստի սկիզբը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի առանձնազրույցը: Այնուհետեւ նրանք մասնակցել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ` լիագումար նիստի բացմանը: Ի. Լեւիտինը հատկանշական է համարել այն, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի է ունենում Յարոսլավլում, քանզի օրեր առաջ նույն քաղաքում կայացել է միջազգային ֆորում, որտեղ քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու նոր միջազգային տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարի` գլոբալ տնտեսության կայունությունը լուրջ փորձություններ է կրում:

Իր խոսքում ՀՀ վարչապետն անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը նշել է. «Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած գործընթացները նման են Ռուսաստանում տեղի ունեցողներին: Դա պատահական չէ: Մեր տնտեսական համակարգերը փոխպայմանավորված ու ինտեգրված են: Հայաստանում ռուսական կապիտալով 1000-ից ավելի ընկերություն է աշխատում: Էներգետիկ համակարգերն ու տրանսպորտային հաղորդակցությունն ինտեգրված են ռուսաստանյան տնտեսության հետ»: Տ. Սարգսյանը նշել է, որ առաջին կիսամյակում ճգնաժամը բավական ուժեղ է հարվածել տնտեսությանը, սակայն այսօր, զգուշավոր լավատեսությամբ, կարելի է նկատել տնտեսության աճի միտումներ: Դա նշանակում է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունքներ է տալիս եւ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կառավարությանն ու Վլադիմիր Պուտինին` աջակցության համար, որն ուղղվել է հակաճգնաժամային միջոցառումներին:

Նիստի մասնակիցները քննարկել եւ որոշումներ են ընդունել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցության մասին:

Նիստի ավարտին Իգոր Լեւիտինը ՀՀ վարչապետին է փոխանցել Վրադիմիր Պուտինի ջերմ ողջույնները: Տիգրան Սարգսյանն ու Իգոր Լեւիտինը ստորագրել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի Արձանագրությունը, որից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը: Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: