Ճապոնական զարգացման միջազգային բանկի միջոցներով կառուցվող Երեւանի ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2010 թ. ապրիլի 30-ին, այսօր լրագրողներին հայտնել է նախագծի ղեկավար եւ «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է կայան, ծանոթացել աշխատանքային գործընթացին։

Նոր կայանի շինարարությունը սկսելով անցած տարվա հուլիսի 30-ին՝ հարավ-կորեական GS Engineering & Construction Corp.-ը այսօր գտնվում է շինարարական աշխատանքների ավարտական փուլում։ «Ներկայումս կայանում փորձարկման գործընթաց է։ Նախագահը մեծ նշանակություն է տալիս այս կառույցին եւ այցելել էր աշխատանքային գործընթացին ծանոթանալու համար»,-նշել է Հովակիմ Հովհաննիսյանը։

Ժամանակակից էլեկտրակայանը թույլ կտա էլեկտրաէներգիա ստանալ՝ օգտագործելով երկու անգամ ավելի քիչ բնական գազ, քան Հայաստանում կամ տարածաշրջանի այլ երկրներում գործող կայանները։ ՋԷԿ-ի հզորությունը կազմում է 272 ՄՎտ: «Եվրոպական Alstom-ի եւ ճապոնական Fuji-ի տեխնոլոգիաները, որոնցից չկան ԱՊՀ երկրներում, թույլ կտան երկու անգամ կրճատել գազի ծախսերը, ինչը խիստ կարեւոր է գազի գների բարձրացման պայմաններում»,- նշել է կայանի տնօրենը։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը իր հերթին նշել է, որ հանրապետության համար դա մեծ նշանակություն ունի։ «Մենք մեծ ճկունություն եւ արդյունավետություն կստանանք սակագնային քաղաքականությունում, ինչպես նաեւ գեներացվող հզորությունների աշխատանքներում»,-նշել է նախարարը։ Առաջին հերթին կայանի գեներացիան ուղղված կլինի ներքին պահանջարկի բավարարմանը, երկրորդ՝ էլեկտրաէներգիայի ծավալների ապահովմանը։ Համեմատության համար նախարարը նշել է, որ խորհրդային ժամանակներում այդպիսի կայանում կաշխատեր 400 մարդ, իսկ այժմ՝ ընդամենը 100 մարդ։

Ճապոնական զարգացման միջազգային բանկը նախագծի զարգացման համար 250 մլն դոլար է տրամադրել։ Հիշեցնենք, որ երեւանյան կայանը կլինի առավել ժամանակակից, քան ռուսական կողմի օգնությամբ մոդերնիզացվող Հրազդանի ՋԷԿ-ը եւ կառուցվող «Հրազդան-5»-ը": Ամեն դեպքում, վերջին երկու կայանները, որոնք եւս շահագործման կհանձնվեն հաջորդ տարի, առավելի հզոր են։ Եթե «Երեւան ՋԷԿ»-ը տարեկան կարտադրի 1.5 մլրդ կվ/ժ էլեկտրաէներգիա, ապա «Հրազդան-5»-ը՝ 3.5 մլրդ կվ/ժ։