Պետական մանկավարժական համալսարանը մարտի 28-ին, ժամը 11-ին ստեղծագործական պայմանագիր կկնքի Ուկրաինայի պետական մանկավարժական համալսարանի եւ Ուկրաինայի Շուպիկի անվան հետդիպլոմային կրթության ազգային բժշկական ակադեմիայի հետ:
Հայաստանը եւ Ուկրաինան միացել են Բոլոնյան հռչակագրին եւ ձեռնամուխ են եղել եվրոպական միասնական կրթական տարածք ինտեգրվելուն ուղղված բարեփոխումների իրականացմանը:
Պայմանագրով նախատեսվում է գիտական ինֆորմացիայի փոխանակում նորագույն կրթական տեխնոլոգիաներով ուսումնական գործընթացի կազմակերպման փորձի փոխանակում, գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների աշխատանքների մասնակցություն, պայմանավորվող կողմերի կողմից տրվող վկայագրերի փոխադարձ ճանաչում, համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպում եւ այլն:
Հատկապես Մանկավարժական համալսարանի համար կարեւորվում է ուկրաինական մասնագետների կողմից ղեկավարվող երեւանյան դելֆինարիումի հնարավորությունների օգտագործումը` հատուկ մանկավարժության ամբիոնի դասախոսների եւ բարձր կուրսերի ուսանողների ու մագիստրանտների համար անիմալոթերապիայի` մասնավորապես դելֆինաթերապիայի մեթոդի յուրացումը եւ դրա կիրառումը զարգացման սահմանափակ կարողություններով երեխաների արատի շտկման գործընթացում /աուտիզմ, օլիգոֆրենիա, մանկական ուղեղային կաթված եւ այլն / :
Իսկ ժամը 14-ին տեղի կունենա «Նեմո» դելֆինաթերապիայի կենտրոնի հանդիսավոր բացումը:





























