«Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը համոզված է, որ թերթի դեմ Քոչարյանների ընտանիքի հայցը Ռոբերտ Քոչարյանի՝ իր անձի դեմ ուղղված հետապնդումների շարունակությունն է։ Նման տեսակետ նա հայտնեց մարտի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք ես հետապնդվել եմ, ազատազրկվել, եւ նրան հանգիստ չի տալիս այն  միտքը, որ ես ազատության մեջ այժմ կրկին թերթ եմ խմբագրում, եւ որ ինքն իմ թիրախներից մեկն է։ Սակայն ես չեմ ընկրկելու եւ չեմ վախենալու Ռոբերտ Քոչարյանի այս գործելաոճից, որովհետեւ այստեղ քաղաքական վենդետայի տարրեր եմ տեսնում։ Այն  առաջարկները, որ նա անվտանգության աշխատակիցների միջոցով ուղարկում էր ինձ բանտում եղած ժամանակ եւ ասում, որ թերթը պետք է փակվի եւ ես իր թույլտվությամբ լքեմ Հայաստանը, իմ կողմից չընդունվեցին։ Ես շարունակեցի մնալ Հայաստանում եւ գործել այստեղ։ Ես կասկածներ ունեմ, որ ներկայիս գործընթացները նախորդների շարունակությունն են»,- նշեց Բաբաջանյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ինքը չի ընկրկելու Քոչարյանների ընտանիքի դեմ եւ սպառելու է հայաստանյան բոլոր դատական ատյանները, իսկ հաջողության չհասնելու դեպքում դիմելու է նաեւ եվրոպական դատարան։

«Ժամանակ» թերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի փաստաբանը դատարանում պահանջել է հերքել Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների՝ սեփականության կամ տարբեր ընկերություններում  մասնաբաժիններ ունենալու մասին հրապարակումները եւ զրպարտության համար ներողություն խնդրել։ «Հայցվոր կողմը պահանջում է հերքել այդ լուրերը՝ դրանք որակելով որպես զրպարտանք, իսկ մենք էլ ասում ենք, որ «Ժամանակի» հրապարակումները ոչ թե զրպարտանք են, այլ ռուսական մամուլից արտատպված նյութեր։ Մենք հասկանում ենք, որ 6 մլն դրամ փոխհատուցում պահանջելով՝ Քոչարյանները նպատակ ունեն նեղել թերթին»,- ասաց փաստաբանը։

Բաբաջանյանը հաստատեց նրա տեսակետը՝ նկատելով, որ հայցվոր կողմը ցանկանում է հաշվեհարդար տեսնել թերթի հետ եւ ֆինանսապես ծանր կացության մեջ գցել նրան։ «Ես տեղեկություններ ունեմ, որ նախագահականից հրահանգ է իջեցվել՝ ծրագրված պայքար սկսել ազատ մամուլի դեմ»,- ավելացրեց խմբագիրը։

Նշենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով  քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում ընդդիմադիր պարբերականից: