Արփա գետի Եղեգիս վտակի վրա կառավարության որոշմամբ կառուցվելիք ՀԷԿ-ի հետ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը որեւէ կապ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը` վկայակոչելով բոլոր սրբերին: «Երդվում եմ բոլոր սրբություններով, որ նա ոչ մի կերպ չի առնչվում այդ ՀԷԿ-ի հետ եւ խնդրում եմ ինձ հավատաք»,-վստահեցրեց Բագրատյանը` հավելելով, որ ՀԷԿ-ի կառուցումը արտասահմանյան ընկերություններից մեկի կողմից կատարվող ներդրում է: 

Ավելի վաղ NEWS.am-ին էին դիմել Եղեգնաձորի Շատին գյուղի բնակիչները, եւ հայտնել, որ օրերս  գյուղի մոտակայքում փակել են Վայոց Ձորի մարզպետի ճանապարհը եւ բողոքել, որ ՀԷԿ-ի կառուցման հետեւանքով շրջակա մի քանի գյուղեր զրկվելու են ոռոգման ջրից: Մարզպետը զրուցել էր գյուղացիների հետ եւ ասել, թե մի քանի օրից կհանդիպեն, հարցը նորից կքննարկեն:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ Շատին գյուղը ջրօգտագործողների միության կազմում չի, ջուրն օգտագործում են իրենց հայեցողությամբ եւ դրա համար չեն վճարում: Նոր ՀԷԿ-ը, Բագրատյանի խոսքով, Շատին համայնքի հետ կապ չի ունենալու, կառուցվելու է Արտաբույնք համայնքի տարածքում:

«Գյուղացիները, քանի որ Եղեգիսի գետից սնվող առու ունեն, մտավախություն ունեին, որ այդ առվի ջուրը նվազի կամ կկտրվի: Նրանք ինձ հարցրին, թե ո՞վ է կառուցելու ՀԷԿ-ը, ես էլ ասացի, որ դա արտասահմանյան ներդրում է: Ասացի նաեւ, որ կառաջարկենք, որպեսզի կառավարությունը պայմանագիր կնքի ՀԷԿ կառուցող ընկերության հետ, որպեսզի այն համապատասխան քանակի ջուր բաց թողնի համայնքի կարիքների համար: Այդ նպատակով պետք է տեղադրի համապատասխան սարք, որը կլինի համայնքի սեփականությունը»,-նշեց Բագրատյանը: Նա  նաեւ հավելեց, որ համապաստասխան  պայմանագիր է կնքվել ՀԷԿ կառուցող ընկերության, Շատին եւ Արտաբույնք համայնքների միջեւ, որը կհաստատվի մարզպետարանի կողմից, կուղարկվի կառավարություն, եւ այն կունենա իրավական ուժ: 

Հիշեցնենք, որ տարիներ առաջ նույն տեղում  ՀԷԿ  կառուցելու պլաններ ուներ նաեւ  ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Գյուղացիների պայքարի արդյունքում, սակայն, Նաղդալյանի այդ բիզնես պրոյեկտը տապալվեց: