«Եվրասիական մայրցամաքի տրանզիտային պոտենցիալը» համաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել։ Հռչակագրի տեքստը կարդացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, նշել է․
«Եվրասիական ինտեգրման զարգացման եւ խորացման հիմնական հարցերին նվիրված «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային պոտենցիալը» համաժողովի մասնակիցները, նշելով պատմական կարճ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության մեջ լիիրավ սուբյեկտի դիրք զբաղեցրած Եվրասիական տնտեսական միության տրանզիտային հնարավորությունների լիակատար իրականացումը, արձանագրելով, որ ԵՏՄ երկրների տրանզիտային հնարավորությունների կոոպերացիան լրացուցիչ իմպուլս է հաղորդել որակապես նոր սկզբունքներով տնտեսական համագործակցությանը եւ դարձել է տնտեսական միավորման զարգացման կարեւորագույն գործիք՝ հատուկ կարեւորություն տալով տրանսպորտային կայուն եւ արդյունավետ կապերին, «Հյուսիս-Հարավ» եւ «Արեւելք-Արեւմուտք» տրանսպորտային միջանցքներին եւ, հարեւան երկրների ու տարածաշրջանային միավորումների հետ, այդ թվում նաեւ տրանսազգային նախագծերի շրջանակներում, ԵՏՄ-ի փոխգործակցության խորացման հետ կապված, հայտարարում են, որ
• դիտարկում են արտաքին գործընկերների եւ միավորումների հետ տնտեսական հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ որպես ԵՏՄ արդյունավետ գործունեության կարեւոր բաղադրիչներից մեկը եւ Եվրասիական ողջ մայրցամաքի տրանզիտային պոտենցիալի զարգացման կարեւոր գործոններից մեկը,
• հաստատում են ԵՏՄ անդամների ջանքերը, որոնք շարունակում են իրականացնել տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծմանն ուղղված՝ համակարգված, համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն եւ միասնական տրանսպորտային տարածքի հետեւողական եւ փուլային ձեւավորում՝ հիմնված հստակության, թափանցիկության, անվտանգության, հուսալիության, հասանելիության եւ համաշխարհային բնապահպանական չափանիշներին համապատասխանող սկզբունքների վրա,
• բավարարվածությամբ արձանագրում են, որ ԵՏՄ-ն ենթակառուցվածքային առաջնահերթությունների իրականացման ակտիվորեն բանակցություններ է վարում շահագրգիռ գործընկերների հետ․․․,
• նշում են, որ ՄԱԿ-ի, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության, ՀՇԿ-ի եւ ԱՊՀ-ի կազմակերպությունների եւ կառույցների հետ ԵՏՄ ակտիվ առեւտրատնտեսական եւ ինստիտուցիոնալ փոխգործակցությունը կհանգեցնի տրանզիտային եւ լոգիստիկ գործընթացների արդյունավետությանը մեծ Եվրասիայի ողջ տարածքում,
• նշում են, որ ազատ առեւտրի եւ ներդրումային մթնոլորտի զարգացումը կարող են խթան հանդիսանալ ԵՏՄ անդամների եւ Սինգապուրի, Իրանի, Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու տարածաշրջանի տրանզիտային պոտենցիալի իրացման համար․․․,
• համաժողովի մասնակիցները ողջունում են ԱՊՀ տարածքում համագործակցության ձեւաչափերի ստեղծումը, որի օրինակ է հանդիսանում ԵՏՄ-ի եւ Մոլդովայի (դիտորդի կարգավիճակ ունի) միջեւ համագործակցության ստեղծման մասին հուշագիրը։․․․,
• ողջունում են մինչեւ 2025թ․ ԵՏՄ տրանսպորտային թվային միջանցքների էկոհամակարգ ստեղծելու դրույթի հետեւողական իրականացմանն ուղղված ԵՏՄ անդամների ջանքերը․․․,
Փաշինյանը հավելել է, որ ընդունվել է նման համաժողով ամեն տարի նախագահող երկրի մայրաքաղաքում անցկացնելու որոշում։
Նշենք, որ համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված Մոլդովայի՝ ԵՏՄ-ին կից դիտորդ-պետության կարգավիճակի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրված ղեկավարներ։




























