Վրաստան-Թուրքիա բանակցությունները, որը վերաբերում էր Վրաստանի պատմական Տաոյում վրացական հուշարձանների վերանորոգմանը, եւ Վրաստանում մզկիթների կառուցմանը, կարող է այլ զարգացումներ ունենալ, գրում է վրացական Journalist.ge գործակալությունը:: Մասնավորապես, խոսքը վերաբերում է թուրք-վրացական սահմանների վերանայմանը, ինչպես նաեւ Աջարիայի ինքնավարությանը եւ ազատ տնտեսական գոտիներում թուրքական շահերին:

Հատկանշական է նաեւ, որ Թուրքիան ծրագրավորում է ավելի ակտիվորեն ներգրավվել վրաց-աբխազական բանակցություններում, որտեղ ոչ պակաս դերակատարություն կունենան նաեւ Հյուսիսային Կովկասի մահմեդականները:

«Գլոբալ նախաձեռնություններ» հարավկովկասյան կենտրոնի ղեկավար Վաժա Էրաձեի խոսքով, վրաց հասարակությունը պետք է շտապ տեղեկանա, թե ինչ է ծրագրավորում Վրաստանի ղեկավարությունը:

«Գաղտնի բանակցությունները երբեք լավ բանի չեն բերել: Ակնհայտ է, որ այն զիջումները, որոնք պատրաստ է անել Թուրքիան, ոչ մի դեպքում չեն արվի բարի ժեստի համար, քանի որ սա քաղաքականություն է: Թուրքիան Վրաստանում ունի իր հիմնական հետաքրքրությունները»,-ընդգծել է կենտրոնի ղեկավարը, նշելով, որ այժմ Թուրքիայում են գտնվում իրենց կենտրոնի փորձագետներ Գոչա Թերգիաշվիլին եւ Բեժան Մեսխելին: