Ռուսաստանի հայ համայնքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու է հայ-թուրքական արձանագրությունների դեմ ստորագրահավաքով:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ սփյուռքի կարծիքը լսելու համար Սերժ Սարգսյանը համահայկական ուղեւորություն է նախաձեռնել 5 խոշոր քաղաքներով, որոնցից մեկն էլ Դոնի Ռոստովն է:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեսպանության եւ համայնքների միջոցով կազմվում են ցուցակները, թե ովքեր պիտի ներկա լինեն հոկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպմանը:

«Իհարկե, մտահոգություններ ունենք։ Ստորագրահավաքներ են ընթանում այս արձանագրությունների դեմ: Նույնպիսի մտահոգություններ ունենք, ինչպես եւ ամբողջ Սփյուռքը»,- նշեց Թավադյանը:

Ի դեպ, լուրեր են տարածվել, թե արձանագրությունների ամենամոլի քննադատներին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը թույլ չեն տալու մասնակցել: «Ինձ հրավիրել են, իսկ ես դեմ եմ: Չգիտեմ, մինչեւ հոկտեմբերի 7-ը ինչ-որ բան կփոխվի, թե ոչ, բայց կարծում եմ՝ չի փոխվելու: Իսկ մնացած գործիչների մասին չեմ կարող ասել, տեղեկություններ չունեմ»,- ասաց «Երկրամասի» խմբագիրը եւ հավելեց. «Հրավիրվածների մեջ ահագին մարդիկ կան, որ տեղյակ էլ չեն արձանագրություններում գրվածից: Հրավիրել են մարդկանց, որոնք ազգային կյանքին չեն էլ մասնակցում»:

Ի դեպ, Տիգրան Թավադյանը նշեց, որ Սարգսյանի այցի ընթացքում բողոքի գործողություններ չեն լինելու, բայց ստորագրահավաքի արդյունքները կփոխանցվեն Հայաստանի նախագահին: