Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը տարեցտարի աճում է, եւ բնական է, որ դա հանգեցնում է Վերին Լարսում բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ 3 տարի առաջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 800 մլն դոլար, իսկ 2018-ին՝ 1,9 մլրդ դոլար:
«Այս տարի կանխատեսվում է, որ մենք կանցնենք 2 միլիարդի շեմը: Հաշվի առնելով այն, որ մոտակա երեք տարիներին առեւտրաշրջանառությունը կմեծանա, եւ քանի որ մեր միակ «խողովակը» Վերին Լարսն է, այլընտրանքային ուղիների խնդիր է առաջանում: Սակայն եթե առեւտրաշրջանառությունը մի քանի անգամ աճի, այդ հերթերի եւ խցանումների հարցը ինչպե՞ս է լինելու»,- ասաց պատգամավորը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:
Նախարարը նշեց, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ այդ հարցերն աստիճանաբար կլուծվեն էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցով:
Ի պատասխան՝ Մելքումյանը հայտարարեց, որ Լարսի երկկողմանի թողունակությունը կազմում է օրական 17 բեռնատար, իսկ Վրաստանում պնդում են, թե գործ ունեն 800-ի հետ:
«Այսինքն մենք պետք է հաշվի առնենք, որ Վերին Լարսի անցակետը «բեզռազմեռ» չի լինելու, եւ նույնիսկ էլեկտրոնային աջակցման դեպքում բեռնատարը պետք է ֆիզիկապես անցնելու հնարավորություն ունենա»,- ասաց պատգամավորը:




























