ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ողջունել է ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նորվեգիայի նախկին վարչապետ Տուրբյեռն Յագլանդի ընտրությունը:
NEWS.am-ի թղթակից հետ զրույցում Դ. Հարությունյանը հայտարարել է, որ այդ քաղաքական գործիչը կարող է բարձրացնել կազմակերպության հեղինակությունը: Նրա խոսքով, Յագլանդը մեծ փորձ ունի եւ նա իր երկրում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել:
«Նորվեգիան շատ լավ կապեր ունի ԵԽ-ի հետ: Միաժամանակ դա փոքր երկիր է եւ Յագլանդը հրաշալի հասկանում է նման երկրների քաղաքականության առանձնահատկությունները: Բացի այդ, Նորվեգիան սահմանակցում է Ռուսաստանին, ինչը նույնպես թույլ է տալիս նրան ավելի տեղեկացված լինել մեր տարածաշրջանի յուրահատկություններին»,- նշել է հայկական պատվիրակության ղեկավարը:
Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարը առնվազն հաջորդ տարի կայցելի մեր տարածաշրջան, այդ թվում՝ նաեւ Հայաստան:
Հիշեցնենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Յագլանդը հաղթել է իր մրցակից` Լեհաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վլոձիմեժ Չիմոշեւիչին:
Տուրբյեռն Յագլանդը, որի 59-ամյակը կլրանա այս տարվա նոյեմբերի 5-ին, Նորվեգիայի խորհրդարանի նախագահի աթոռը զբաղեցնում է 2005թ-ից: Ներկայումս նա Օսլոյի Խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն է: Վերջերս ընտրվել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ: Նա ամուսնացած է, ունի 2 երեխա: Կինը լրագրող է:




























