Հայաստանի քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքների ու պարտականությունների մասին: Այս մասին են վկայում NEWS.am-ի անցկացրած հարցումները քաղաքացիների շրջանում: Հարցման ընթացքում նրանք դժվարությամբ, նույնիսկ դժկամությամբ էին  պատասխանում  հարցին, թե ի՞նչ իրավունքներ ունեն: Պարտականությունների մասին` ընդհանրապես չգիտեին:

Հարցման մասնակիցների մեծ մասը իրավունքներից նշում էին միայն մեկը` կարծիք արտահայտելու իրավունք: Ընտրելու եւ ընտրվելու իրավունքի մասին նրանք ընդհանրապես չէին հիշում՝ այդ իրավունքը դասելով «ձեւական, ստից  իրավունքների» շարքին:  Հարցվածներից շատերը թվում էին իրավունքներ, որոնք ընդհանրապես ամրագրված չեն Սահմանադրությամբ: Օրինակ` «ծով ունենալու իրավունք», «սիրելու իրավունք», «շատ փող ունենալու», «նորմալ ապրելու» եւ այլ զավեշտալի իրավունքներ: 

Իսկ երբ նրանց հարց ուղղվեց, թե արդյոք երբեւէ պաշտպանե՞լ են իրենց խախտված իրավունքները դատարանի միջոցով, հարցվածները միաբերան պատասխանեցին` ոչ: Պատճառն այն է, որ նրանք «անիմաստ» են համարում դատարան դիմելը, քանի որ չեն հավատում դատարանի անկախությանը: «Ես իմ խախտված իրավունքները պաշտպանում եմ համակերպմամբ, քանի որ ուժ չունեմ ու հույս էլ չունեմ, որ այս երկրում որեւէ արդար բան տեղի կունենա»,-հայտարարեց 72 տարեկան թոշակառու մի կին:

Մեկ այլ քաղաքացի` 25 ամյա լեզվաբան Գոհարը մեջբերեց հայտնի խոսքը. «Ուժն է ծնում իրավունք» եւ հավելեց. «Փողն էլ պաշտպանում է այդ իրավունքը: Իսկ ով փող ունի, նրա շահն էլ պաշտպանում է դատարանը»:

Քաղաքացիներից մեկը` 45-ամյա տնային տնտեսուհի Վերգինեն, հայտարարեց. «Ես գնդապետի կին եմ, իմ իրավունքների մասին ինչ-որ պետք է, ամուսինս գիտի եւ ինքն էլ զբաղվում է այդ հարցով»: Հարցին, թե առիթ եղե՞լ է, որ խախտվեն իր իրավունքները, օրինակ` խանութում անորակ ապրանք վաճառած լինեն եւ ինքը, որպես սպառող, պաշտպանի իր իրավունքը, գնդապետի կինը պատասխանեց. «Գիտեք, ես գնումներով չեմ զբաղվում, դրանով զբաղվում է իմ մեծ տղան: Իսկ ես զբաղվում եմ տանը երեխաների հոգսերը հոգալով»:

Հարցվածների մեծ մասը բողոքեցին սպառողի իրենց իրավունքի խախտման  մասին: Նրանցից մեկն ասաց, որ մի անգամ իրեն խանութում «խաբել» են` ժամկետանց մթերք վաճառելով, իսկ ինքն իր խախտված իրավունքը վերականգնել է` «հին ապրանքը վաճառողի գլխովը տալով»: Մեկ այլ քաղաքացի` 25-ամյա Անին եւս բողոքեց սպառողի իր իրավունքի խախտման մասին: Ասաց, որ իրեն հաջողվել է վերականգնել իր  այդ իրավունքը, ինչը  դժկամությամբ է ընդունվել ապրանքը վաճառած հաստատության կողմից: Անին թեեւ իր իրավունքների պաշտպանության համար առիթ չի ունեցել հասնել մինչեւ «դիվանբաշուն», սակայն ողջունում է   այն փաստը, որ քաղաքացիներն իրենց իրավունքերի համար դատարան են դիմում:

Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը ՀՀ քաղաքացիների ցածր իրավագիտակցությունը համարեց  «կայծակնային արագությամբ փոփոխվող օրենսդրության հետեւանք»: Նա նշեց, որ նույնիսկ պրոֆեսիոնալ իրավաբանները ի վիճակի չեն լինում հետեւել օրենքների փոփոխություններին եւ տեղյալ լինել տվյալ պահին գործող օրենսդրությունից:  «Այսօր փաստաբանության, դատախազության, ոստիկանության, դատարանների համակարգերում շատ քիչ են բարձրագույն իրավաբանական կրթությամբ մասնագետները: Որովհետեւ այն, ինչ մենք սովորել ենք բուհերում, դա ոչ թե իրավունք է, այլ իրավունքի պատմություն»,-նկատեց փաստաբանը: 

Նա նաեւ հավելեց, որ պետք չէ զարմանալ, որ հասարակ քաղաքացիները չգիտեն իրենց իրավունքները կամ տեղյակ չեն օրենսդրությունից: «Զամանալի կլիներ, եթե իմանային, քանի որ մեր երկրում այդ օրենսդրությունն ավելի հաճախ է փոփոխվում, քան` կայացած իրավական պետություններում»,-նկատեց նա: Փաստաբանը որպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման դեղատոմս առաջարկեց. «Դադարեցնել օրենքների ամենօրյա փոփոխությունները, որպեսզի կայուն իրավիճակ ձեւավորվի եւ քաղաքացիները օրեցօր մտնեն կուրսի մեջ, իմանան, թե ի՞նչ օրենք է գործում ներկա պահին եւ հետամուտ լինեն իրենց  իրավունքների պաշտպանությանը»:

 

Պատրաստեց Ելենա Գեւորգյանը