Ազգային ժողովին եւ կառավարությանը կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը հասարակությանը «Հայաստանում ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդման ծրագրի» (SEPPA) մասին իրազեկելու համար: Այս մասին հունվարի 30-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման գործում ՀԿ-ների եւ քաղաքացիական հասարակության դերը» թեմայով քննարկումների ընթացքում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ դա Հայաստանի ղեկավարության պարտավորությունն է: «Նախորդ իշխանությունը ստանձնել է այդ պարտավորությունը, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ»,- վստահեցրեց Սաքունցը՝ հավելելով, որ ակնկալում է նոր իշխանության կողմից ջանքերի գործադրում այդ հարցով բնակչությանը իրազեկելու եւ իր սկզբունքային դիրքորոշումները հայտնելու ուղղությամբ:
Արեւմտամետ ՀԿ-ի ղեկավարը իշխանությանը կոչ արեց չզիջել «պոպուլիստական եւ հակամարդկային» հայտարարություններին, որոնք «հնչեցնում են այս կամ այն լուսանցքային խմբերը», որպես օրինակ նշելով Ստամբուլյան կոնվենցիան:
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե ինչ կապ ունի Ստամբուլյան կոնվենցիան SEPPA ծրագրի հետ, ՀԿ ղեկավարը պատասխանեց, որ բոլոր հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքի խնդիրներին, կապ ունեն տվյալ ծրագրի հետ:
Այնուամենայնիվ, Սաքունցին չհաջողվեց նման փաստարկներով ապացուցել Եղոյանին, որը ներկաներին բացատրեց, որ տվյալ դեպքում խոսքը բացարձակ տարբեր հասկացությունների մասին է:




























