Վճռաբեկ դատարանը չի ընդունել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի վերաքննիչ բողոքը, որի մասին ՀԿ-ն տեղեկացվել է այսօր` ապրիլի 18-ին:

Այսպիսով, ուժի մեջ է մնում Վերաքննիչ դատարանի որոշումը, համաձայն որի` «Հետք»-ը (Հետաքննող լրագրողների կայքը) պետք է հերքի Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները եւ փոխհատուցի վնասը` 450 հազար դրամ փաստաբանական ծախսը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից:

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողների» «Հետք» թերթում մի քանի հոդվածներ են տպագրվել, որտեղ փաստեր են ներկայացվել Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ, որտեղ շոշափվում էր քաղաքապետի անունը:

Քաղաքապետը հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ին, «հերքել Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաեւ «Հետաքննող լրագրողներից», որպես վնասի փոխհատուցում` բռնագանձել փաստաբանական ծախսերը` 930. 000 դրամ գումարի չափով»: Վերաքննիչ դատարանը նվազեցրել էր առաջին ատյանի` 930 հազար դրամի պահանջը:

«Հետաքննող լրագրողները» պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: