Դերասան Արտաշես Ալեքսանյանը ոչ միայն լավ է վերաբերում «Տաշիր-2011» մրցանակաբաշխությանը եւ դրա ժամանակ տրված նվերներին, այլեւ ուրախ է, որ նման բաներ են լինում:
«Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, ինչքան իմ ազգը, իմ ազգի մարդիկ հարուստ լինեն, շատ ունենան, այնքան ինձ օգուտ է: Իսկ արտիստներին թանկարժեք նվերներ ու բնակարաններ նվիրելու դեմ բողոքի ալիքը խոսում է հին հայկական հիվանդագին նախանձի մասին, թե ինչու նրան կլինի, ինձ չի լինի:
Կտան էլի, համբերեք, սաղին էլ կտան: Հազիվ մի լավ բան են անում»,- այսօր` ապրիլի 20-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոյի եւ թատրոնի արտիստ Ա. Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունը քննադատողները նշում էին, որ երբ ազգի մեջ կա 20 տոկոս աղքատություն, ապա ճիշտ չէ ցուցադրաբար շքեղ նվերներ բաժանել երգիչներին, դերասանն արձագանքեց. «Մանկատները եւ ծերանոցները չեն մասնակցել այդ մրցանակաբաշխությանը, կլիպ չեն հանել, կգա կհասնի ժամանակ, երբ կլինի մրցանակաբաշխություն մանկատների, ծերանոցների համար»:
Դերասանի խոսքով` նախկինում այդպիսի բաներ չկային, ընդամենը մի հատ մրցանակ էին տալիս, բայց չէ որ արտիստները այդտեղ «կոշիկ չեն մաշում, հոգի են մաշում»:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների բնակարաններ եւ մեքենաներ նվիրեց։ Երեւանի կենտրոնում բնակարանատեր դարձան Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Լուսինան, իսկ «ներկայացուցչական ավտոմեքենայի» տեր դարձան Էմմին ու Ռազմիկ Ամյանը:





























