Հայաստանի Ազգային արխիվում պահվող փաստաթղթերը բաց են բոլոր ցանկացողների, այդ թվում Հայաստանի հանրապետության քաղաքացի չհանդիսացող օտարերկրացիների համար։ Ապրիլի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Նրա խոսքով, Ազգային արխիվում Հայաստանի պատմությանը վերաբերող 350 մլն փաստաթուղթ է պահվում։ Ամենահին փաստաթուղթը թվագրված է 1607 թվականին։
2001-ից հետո, երբ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի Խորհրդին, արխիվները բաց են ԵԽ բոլոր անդամ երկրների համար, իսկ այդ երկրների արխիվները` հայ մասնագետների համար։ Օրինակ, Թուրքիայի արխիվները բաց են հայերի համար։
«Ես մի քանի անգամ տարբեր առիթներով զրուցել եմ թուրքական արխիվների ղեկավարների հետ, նրանք պատրաստ են համագործակցության։ Սակայն խնդիրն այն է, որ քաղաքացիական արխիվներում հնարավոր չէ գտնել պետք եղած բոլոր նյութերը։ Գոյություն ունի զինվորական արխիվ, որը փակ է անգամ Թուրքիայի քաղաքացիների համար»,- ասաց Վիրաբյանը։
Նրա խոսքով, քաղաքացիական արխիվներում ուսումնասիրություններ կատարելը դժվարանում է նրանով, որ 1928 թվականին Թուրքիայի պետական լեզուն օսմաներենն էր, որը պարսկերենի, արաբերենի եւ թուրքերենի խառնուրդ է։ Այսօրվա դրությամբ Հայաստանում օսմաներենին բավարար չափով տիրապետող մասնագետներ չկան, դրա պատճառով էլ հայկական կողմը չի կարողանում դիմել թուրքական արխիվներից օգտվելու համար։
Մինչդեռ թուրք պատմաբանները ազատորեն օգտվում են Հայաստանի Ազգային արխիվից։
Վիրաբյանը նաեւ նշեց, որ թուրքական արխիվներից բացի, Հայոց ցեղասպանության մասին նյութեր պահպանվում են նաեւ Գերմանիայի, Ավստրիայի եւ Վրաստանի արխիվներում։



























