Արտադրողականության աճը եւ ինովացիաների ներդրումը Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի պետական հնգամյա ռազմավարության հիմնական նպատակներն են։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մակարյանը՝ նշելով, որ առաջիկայում ռազմավարությունը կհաստատվի կառավարության կողմից։
Նրա խոսքերով՝ ռազմավարությամբ նախատեսված է միջոցառումների համընդգրկուն ցանկ, որոնք ուղղված են ինչպես ֆինանսական միջոցների հասանելիությանը, այնպես էլ արտահանման հնարավորությունների հզորությունների զարգացմանը։ Ռազմավարության իրականացումը, ինչպես նշեց փոխնախարարը, կբերի ՓՄՁ-ների մրցունակության եւ արտադրողականության մակարդակի բարձրացման։ «Մենք ակնկալում ենք, որ ՓՄՁ-ների արտադրողականության տարեկան աճը կկազմի 6 տոկոս։ Այսօր ՓՄՁ-ների արտադրողականությունը, մեկ աշխատակցի հաշվարկով, կազմում է մոտ 8 մլն դրամ։ Մեր ռազմավարության իրականացման արդյունքում հուսով ենք բարձրացնել այդ ցուցանիշը եւ հասնել 12 մլն դրամի»,- հայտարարեց նա։ Մակարյանը նշեց, որ կառավարությունը ոչ թե պետք է իր առջեւ փոքր եւ միջին բիզնեսի ընկերությունների քանակը ավելացնելու, այլ դրանց որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակ դնի։
Լրագրողների այն հարցին, թե չի բեր արդյոք այդպիսի քաղաքականությունը բիզնեսի խոշորացման եւ ՓՄՁ-ների կրճատման, փոխնախարարը հիշեցրեց, որ օրենքի համաձայն խոշոր ընկերությունները պետք է ավելի քան 250 աշխատակիցներ ունենան, իսկ ՓՄՁ-ների մեծ մասը շատ հեռու է այդ ցուցանիշներից։ Բացի այդ, Մակարյանը հավաստիացրեց, որ շուկայում, միեւնույն է, կհայտնվեն նոր փոքր եւ միջին ձեռնարկություններ, որոնց համար զարգացման հատուկ պայմաններ կստեղծվեն։





























