ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երեւան-Գյումրի-Երեւան, Երեւան-Արաքս-Երեւան, Երեւան-Երասխ-Երեւան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում եւ կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղեւորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով:

Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են եւ ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է  մակերեւույթների համակարգված մաքրություն:

Բոլոր կայարաններում ուղեւորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար  տեղեկացվում են  վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների եւ ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ:

Կայարաններում նաեւ ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսեւորող ուղեւորներին կամ աշխատակիցներին:

Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:

Ամեն աշխատանքային օր սկսվում է  տեղերում նպատակային հրահանգավորմամբ:

Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը եւ կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում  է պոլիկլինիկա:

Տեղեկացնում ենք նաեւ, որ մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգային ուղեւորափոխադրումները՝ մինչեւ մարտի 24-ը չեղարկելով Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքի ուղերթները: Այժմ ընկերությունը բոլոր ուղեւորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները: